50-ից ավելի կանայք մասնակցեցին «Ալիք Մեդիա»-ի «Ֆեմինիզմ և կանանց իրավունքները» դասընթացներին

Մայիսի 29-ին կայացավ «Ալիք Մեդիայի» նախաձեռնած «Ֆեմինիզմը և կանանց իրավունքները» խորագրով դասընթացների շարքի վերջին հանդիպումը: Քվեմո Քարթլիի և Սամցխե Ջավախեթիի շրջաններից ավելի քան 50 երիտասարդ աղջիկներ մեկ ամսվա ընթացքում՝ 10 հանդիպման շրջանակներում ծանոթացան ֆեմինիզմի հիմքերին, ֆեմինիզմի պատմությանն աշխարհում ու Վրաստանում, ֆեմինիզմի տեսակներին, սովորեցին տարբերակել ֆեմինիզմի շուրջ գոյություն ունեցող կարծրատիպերն իրականությունից: Մասնակիցները ծանոթացան նաև վրաց գրողների ու ռեժիսորների գործերին, ովքեր իրենց գործունեությունը ծավալել են ֆեմինիզմի գաղափարի շուրջ:

Սրա հետ մեկտեղ, մասնակիցները դասընթացների շրջանակներում իրականացրին մի քանի հանձնարարություն, իսկ դասընթացների ամփոփման օրը ներկայացրին պրեզենտացիաներ՝ Վրաստանում ֆեմինիզմի նկատմամբ գոյություն ունեցող «վախի», կանանց դերի մասին պոպ-մշակույթում, ինչպես նաև քաղաքականության մեջ կանանց «անտեսանելի» լինելու մասին:  Ավարտական հանդիպման ժամանակ մասնակիցները նաև փոքր պերֆորմանս ներկայացրին՝ պաստառների վրա ցուցադրելով ֆեմինիստական գրություններ, իսկ նախագծի մասնակիցներից Թամարա Սարգսյանը ներկայացրեց թեմայից ոգեշնչված իր հեղինակած նկարը:

Վեբինարները վարեց Union Freya-ի գործադիր տնօրեն և կանանց իրավունքների թեմայով դասընթացավար Քեթևան Մուրղուլիան։