Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա առթիվ:
Ղարիբաշվիլիի խոսքով, հուլիսի 4-ը ազատության և ժողովրդավարության խորհրդանիշն է ոչ միայն ամերիկացիների, այլև ողջ ժողովրդավարական աշխարհի համար։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի ամենաթարմ պատմությունը նաև ազատության, անկախության, եվրոպական ընտրության համար պայքարի պատմությունն է։ Ըստ վարչապետի՝ այդ ճանապարհին, հատկապես Վրաստանի անկախության վերականգնման օրվանից, Վրաստանը միշտ զգացել է իր հավատարիմ ընկերոջ և գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամուր աջակցությունը:
«30 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մենք խորացրել ենք մեր գործընկերությունը ԱՄՆ-ի հետ գրեթե բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով։ ԱՄՆ-ի անսասան աջակցությունն ուժեղացնում է Վրաստանը մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման, երկրում ժողովրդավարության ամրապնդման, պաշտպանական կարողությունների ամրապնդման և տնտեսական զարգացման առումով»,- ասված է Ղարիբաշվիլիի տարածած հայտարարության մեջ։
Ղարիբաշվիլիի խոսքով, վրաց ժողովուրդը միշտ երախտապարտ կլինի այս աջակցության համար։ Վրաստանը ապագայում կշարունակի հավատարիմ մնալ երկու երկրների ընդհանուր արժեքներին և ամուր գործընկերությանը.
«Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ամերիկայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում։ Վրաստանը և վրաց ժողովուրդը ամերիկացի ընկերների հետ միասին նշում է հուլիսի 4-ը»: