Եվրախորհրդարանը պատրաստվում է ևս մեկ բանաձև ընդունել Վրաստանի վերաբերյալ

Եվրախորհրդարանը պատրաստվում է ևս մեկ բանաձև ընդունել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Վրաստանի վերաբերյալ զեկույցն ու բանաձևի նախագիծը պատրաստել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն։

Բանաձևի նախագիծը խոր ափսոսանք է հայտնում, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չկարողացավ օգտվել Վրաստանին որպես թեկնածու երկրի ընձեռված պատմական հնարավորությունից և հետընթաց արձանագրեց եվրաինտեգրման ճանապարհին։

Բանաձևի նախագիծը դատապարտում է խաղաղ ցուցարարների, քաղաքական հակառակորդների և լրատվամիջոցների բռնի ճնշումը և կոչ է անում իշխանություններին չեղյալ համարել հանրային բողոքների ճնշմանն ուղղված դրակոնյան օրենսդրությունը։ Շեշտում է Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության անհապաղ և համապարփակ աուդիտի, ներառյալ Ասոցացման համաձայնագրի կատարման վերանայման անհրաժեշտությունը։

Յուկնևիչենեի բանաձեւի նախագծով Եվրախորհրդարանը դատապարտում է այն փաստը, որ իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամները և կառավարությանն առընթեր լրատվամիջոցները պարբերաբար մանիպուլյատիվ պատմություններ, ապատեղեկատվություն և դավադրության տեսություններ են տարածում Եվրամիության և եվրոպական ինտեգրման վերաբերյալ։

Եվրախորհրդարանը նաև կրկնում է իր դիրքորոշումը, որ ներկայիս քաղաքական և սահմանադրական ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք պետք է անցկացվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում և բարելավված ընտրական միջավայրում։