Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող Թուրքիայի 3 քաղաքացի է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Թբիլիսիում և Բաթումիում իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Ինտերպոլի կարմիր ծանուցագրով (հետախուզում միջազգային մակարդակով) հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ՝ 1978 թվականին ծնված Ն.Գ.-ն, 1989 թվականին ծնված Օ. Ք.-ն և 1998 թվականին ծնված Օ.Թ.-ն։

«Ձերբակալված Օ.Ք.-ն հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ թմրամիջոցների կամ խթանիչների ապօրինի շրջանառության մեղադրանքով, իսկ Ն.Գ.-ն՝ Ինտերպոլի կարմիր ծանուցագրով՝ բռնի կամ խաբեությամբ ազատությունից ապօրինի զրկելու (առևանգում) մեղադրանքով։

Ինչ վերաբերում է Օ.Թ.-ին, ապա Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինները նրան որոնում էին թմրամիջոցների կամ խթանիչների ապօրինի շրջանառության կամ մատակարարման, մարմնական վնասվածքներ պատճառելու, զրպարտության և գույքի գողության մեղադրանքներով։ Ձերբակալվածները Վրաստանի սահմանը հատել են դեռևս նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելուց առաջ։

Իրավապահ մարմինների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում Օ.Ք.-ն ձերբակալվել է Թբիլիսիում, իսկ Ն.Գ.-ն և Օ.Թ.-ն՝ Բաթումիում։

Ներկայումս ձերբակալվածների նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված նախնական արտահանձնման ընթացակարգերը», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։