Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը շնորհավորել է Մզիա Ամաղլոբելիին մամուլի ազատության մրցանակը ստանալու կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Մզիա Ամաղլոբելին 2025 թվականի «Ազատ մեդիա» մրցանակաբաշխության՝ մամուլի ազատությանն աջակցության մրցանակի արժանանալու կապակցությամբ»,- գրել է դեսպանատունը։
Դեսպանատունը նշել է, որ Մզիա Ամաղլոբելին ճանաչվել է որպես Վրաստանում անկախ լրագրության դեմք և պարգևատրվել է լրագրողական էթիկայի ու ճշմարտության նկատմամբ իր 25-ամյա նվիրվածության համար, որի ընթացքում նա հիմնադրել է երկու կարևոր և վստահելի մեդիա հարթակ՝ Batumelebi-ն և Netgazeti-ն։
«Այս մրցանակը Մզիայի քաջության, առաջնորդության և խոսքի ազատության ու լրատվամիջոցների անսասան պաշտպանության արժանի ճանաչում է։ Այս մրցանակը վկայում է նրա մեծ ներդրման մասին փաստերի վրա հիմնված, քննադատական լրագրության ստեղծման գործում՝ ընդգծված դժվարություններով և մարտահրավերներով լի միջավայրում»։
Հիշեցնենք. Մզիա Ամաղլոբելին ներկայումս 2-ամյա ազատազրկման է դատապարտված Վրաստանում։
«Ազատ մեդիա» մրցանակաբաշխությունը հիմնադրել են նորվեգական «Fritt Ord» և գերմանական «The Zeit Stiftung Bucerius» հիմնադրամները։