Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները (Zero Strays Georgia, Animal Project, Peteasy) հայտարարել են, որ ստերիլիզացման նպատակով տեղափոխված բազմաթիվ կենդանիներ անհետացել են, և Սննդամթերքի ազգային գործակալությունից պահանջել են հրապարակել նրանց գտնվելու վայրը։
Ըստ նրանց՝ Սննդամթերքի ազգային գործակալությունը 2025 թվականի ընթացքում պարտավոր էր 9000 անօթևան կենդանու տեղափոխել կացարան, ստերիլիզացնել և վերադարձնել բնական միջավայր։ Սակայն, դրա փոխարեն բազմաթիվ կենդանիներ անհետացել են։
Կազմակերպությունները և ակտիվիստները պահանջում են փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի կենդանիները վերադարձվեն իրենց նախկին բնակության վայր։
Նոր հրամանով 2026-ին նախատեսվում է ավելի քան 36 հազար անօթևան շան ստերիլիզացում։
Ըստ նոր կարգադրության՝ «արգելվում է շանը վերադարձնել մանկապարտեզների, դպրոցների, բժշկական հաստատությունների, հանրային սննդի օբյեկտների, ագրարային շուկաների, հյուրանոցների, մանկական և մարզական հրապարակների հարակից տարածքներ»։ Ակտիվիստները մտահոգված են, որ այս ձևակերպումը գործակալությանը հիմք կտա շներին այլևս չվերադարձնել իրենց նախկին տարածքներ։
Կենդանապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել հետևյալ հանձնարարականներով.
«Zero Strays Georgia-ի, Animal Project-ի և Peteasy-ի կարծիքով՝ զանգվածային ստերիլիզացումն անհրաժեշտ է գերբնակեցման խնդիրը լուծելու համար, սակայն գործակալությունը պետք է կատարի հետևյալ փոփոխությունները.
• Ստերիլիզացված (ականջապիտակ ունեցող) կենդանուն չպետք է տանել կացարան, եթե նա բուժման կարիք չունի։ Պատվաստումը պետք է արվի տեղում։
• Անհրաժեշտ է կացարան տեղափոխած կենդանուն վերադարձնել իր նախկին բնակության վայր։ Նոր վայրում նա կկորցնի կողմնորոշումը և սննդի աղբյուրները, նաև ստիպված կլինի պայքարել այլ շների դեմ։
Կարգադրության մեջ նշված սահմանափակումները ոչ միայն անհասկանալի են, այլև անիմաստ։ Եթե շանը չվերադարձնենք տվյալ հաստատության մոտ, նրա տեղը կզբաղեցնի մեկ այլ անօթևան կենդանի։ Կենդանիների մուտքը հաստատություններ կարելի է սահմանափակել միայն ցանկապատմամբ։ Անհրաժեշտ է N412 կարգադրությունից հանել վերադարձի վայրի հետ կապված սահմանափակումները։
Պահանջում ենք նաև, որ Սննդամթերքի ազգային գործակալությունը հրապարակի, թե ուր են տարվել փողոցներից հավաքված և անհետացած կենդանիները, և տեղեկացնի խնամողներին ու ակտիվիստներին իրենց հսկողության տակ գտնվող կենդանիների վիճակի մասին»,- ասված է հայտարարության մեջ։