Հայաստանի ընտրությունների օրը Թբիլիսիում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, անցկացվել է հանրահավաք՝ ի աջակցություն Հայաստանի։
Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ ընտրությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։
Հանրահավաքին ներկա էր Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նա «Ալիք Մեդիա»-ին տված հարցազրույցում նշեց.
«Բոլորի համար պարզ է, որ խաչմերուկին կանգնած է Հայաստանը, և, իմ կարծիքով, այն բավականին վստահ առաջ է շարժվում։ Այս ընտրությունները կորոշեն այդ ճանապարհի շարունակությունը։ Կարծում եմ՝ այս ընթացքը չի կանգնի և կշարունակվի։
Վստահ եմ, որ արվել է այն ամենը, ինչ հնարավոր էր այս իրավիճակում, որպեսզի ամրապնդվեին եվրոպական արժեքները և Եվրոպայի հետ հարաբերությունները։ Այն փաստը, որ այսօր Հայաստանին աջակցում են Եվրոպան և Ամերիկան, կարևոր ձեռքբերում է։
Սա, իմ կարծիքով, նաև վարչապետ Փաշինյանի քաղաքականության արդյունքն է, քանի որ նա կատարել է քայլեր, որոնց շատերը գուցե չէին գնա, և կարծում եմ՝ այդ ամենը չպետք է կորչի։
Ես ցանկանում եմ Հայաստանին, որ այսօրվա հաջողությունը շարունակություն ունենա։ Նույնը մաղթում եմ նաև Վրաստանին, քանի որ մեզ համար նույնպես կարևոր է, որ ամբողջ Կովկասը շարժվի այդ ուղղությամբ։ Այն ժամանակ, երբ մենք դժվարություններ էինք ունենում այս ճանապարհին, Հայաստանը վերցրեց այդ ուղին, և դա կարևոր է բոլորիս համար», — նշեց Զուրաբիշվիլին։
Քաղաքացիական ակտիվիստ Իրակլի Շոնիան ընդգծեց ընտրությունների տարածաշրջանային նշանակությունը։
«Այս ընտրությունները կարևոր են, որովհետև միայն Հայաստանի բախտը չի որոշվում։ Որոշվում է ամբողջ Կովկասի ապագան։ Համաշխարհային քաղաքականության համար նույնպես կարևոր իրադարձություն են այս ընտրությունները, քանի որ խոսքը վերաբերում է Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազմանը, և այն հանգամանքին, որ այդ գործընթացը կարող է տեղի ունենալ քաղաքակիրթ, ժողովրդավարական և օրենսդրական ճանապարհով։
Վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Հույս ունեմ, որ այն ճանապարհը, որն ընտրել են վարչապետ Փաշինյանն ու հայ ժողովուրդը, կշարունակվի և կհասնի այն նպատակին, որը կոչվում է եվրոպական ընտանիք։
Իհարկե, հայ ժողովուրդը բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Նույնը վերաբերում է նաև վրացիներին՝ Աբխազիայի և Սամաչաբլոյի իրադարձությունների պատճառով։ Հայաստանում ևս եղել են Ղարաբաղի հետ կապված ծանր զարգացումներ։
Ուրախ եմ, որ այս անգամ հայ ժողովուրդը կարող է իր խոսքն ասել ոչ թե պատերազմի, այլ ընտրությունների միջոցով։ Հույս ունեմ, որ ժողովուրդը կարտահայտի իր կամքը եվրոպական ինտեգրման օգտին։ Կարծում եմ, որ այդ ուղղությամբ մեծ ջանքեր է ներդրել նաև Նիկոլ Փաշինյանը», — նշեց Շոնիան։
Հնարահավաքի մասնակից Մզիա Թաբագարին նշեց. «Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի համար։ Հայ ժողովուրդը ընտրություն է կատարում Եվրամիության և Ռուսաստանի միջև։ Մենք երկրպագում ենք հայ ժողովրդին։ Շատ դժվար ընտրություններ են սպասվում Հայաստանին։
Ընտրությունը հստակ է՝ կամ պետք է ընտրեն եվրոպական ճանապարհը, կամ մնան Ռուսաստանի ճահճում։
Ցանկանում եմ հայ ժողովրդին հաղթանակ այս ընտրություններում։ Ցանկանում եմ, որ Փաշինյանը հաղթի որպես եվրոպական առաջնորդ, և Հայաստանը շարունակի ճանապարհը դեպի Եվրոպա։ Հաջողություն եմ ցանկանում», — հայտարարել է Թաբագարին։