Թբիլիսիի քաղաքապետարանի «Ամառային մանկապարտեզներ» սոցիալական նախագծում երեխաների գրանցումը սկսվել է այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 21-ը: Այս տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ գրանցումն էլեկտրոնային է և տեղի է ունենում Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում՝ www.kids.org.ge: Նույն կայքում հասանելի է նաև ամառային մանկապարտեզների ցանկը։
«Նախագիծը հասանելի կլինի Թբիլիսիի մանկապարտեզներում գրանցված 2-ից 6 տարեկան երեխաների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր սեպտեմբերին ավարտում են մանկապարտեզը և հաճախում դպրոց։
Մանկապարտեզներն ընտրվել են աշխարհագրական հիմունքներով, որպեսզի ծառայությունները հավասարապես հասանելի լինեն Թբիլիսիի բոլոր շրջանների բնակիչներին։
Նախագիծը, որը կներառի 54 մանկապարտեզ, կֆինանսավորվի բյուջեից 4,645,000 լարիով: Այս տարի ամառային մանկապարտեզներում կաշխատի 3,900 աշխատակից», — ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։