Մայիսին փայտանյութի ապօրինի արդյունահանման 56 փաստ է բացահայտվել

Անտառային ազգային գործակալության աշխատակիցներն ընթացիկ տարվա մայիսին երկրի մասշտաբով բացահայտել են իրավախախտման 56 փաստ, որոնցից 45 դեպքը կապված է փայտանյութի ապօրինի արդյունահանման և փոխադրման հետ։

Գործակալության հաղորդմամբ՝ առգրավվել է ապօրինի ճանապարհով արդյունահանված տարբեր տեսակի մոտ 45 խորանարդ մետր վառելափայտ ու շինափայտ, որը տեղավորվել է համապատասխան «աշխատանքային բակերում» (պահեստներում)։

Ըստ տարածաշրջանների՝ ամենաշատ խախտումները գրանցվել են Քվեմո Քարթլիում՝ 18 դեպք։ Նաև հայտնաբերվել է 7 փաստ Գուրիայում, 5-ը՝ Իմերեթիում, 5-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 4-ը՝ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում, 4-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 1-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում և 1-ը՝ Շիդա Քարթլիում։

Գործակալության հաղորդմամբ՝ հայտնաբերված փաստերից 2 դեպքը պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ։ Համապատասխան նյութերը հետագա քննության նպատակով փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Դրան զուգահեռ, արձանագրվել է նաև պետական անտառների ինքնակամ զավթման 11 դեպք, այդ թվում՝ 8-ը՝ Շիդա Քարթլիում, 2-ը՝ Կախեթիում և 1-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում։

Գործակալության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում երկրի մասշտաբով ընդհանուր առմամբ բացահայտվել է 319 փաստ, ինչն արտացոլում է փայտանյութի ապօրինի արդյունահանման ուղղությամբ մոնիտորինգի ակտիվությունը։