Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկրում կստեղծվի միասնական թվային հարթակ, որը քաղաքացիներին տեղեկություն կտրամադրի զեղչված առաջին անհրաժեշտության ապրանքների մասին։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած կարգադրության համաձայն՝ ծրագրի իրականացումը հանձնարարվել է Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությանը։
Ըստ փաստաթղթի` ծրագրի նպատակն է Վրաստանի քաղաքացիների համար ստեղծել միասնական թվային տարածք, որպեսզի նրանց հեշտությամբ հասանելի դառնա տեղեկատվությունը զեղչված առաջին անհրաժեշտության ապրանքների վերաբերյալ։
Հատկացված բյուջեով նախատեսվում է «Սոցիալական զամբյուղ և զեղչված ապրանքներ» էլեկտրոնային վեբ-հարթակի պատրաստում և նշված հարթակի գործարկման համար անհրաժեշտ ուղեկցող ծառայությունների գնում։
Վեբ-հարթակի ստեղծման համար գումարը հատկացվում է կառավարության պահուստային ֆոնդից։ Կարգադրության համաձայն՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալությանը պետք է հատկացնի 53 հազար լարիից ոչ ավելի։
«Գների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը» մայիսի 1-ին ավարտեց գրեթե եռամսյա աշխատանքային գործընթացը և հրապարակեց ծավալուն եզրակացություն FMCG (արագ սպառվող ապրանքների) սեկտորում գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ։ Փաստաթղթում նշված է, որ Վրաստանում պարենային ապրանքների գները կախված չեն միայն մեկ գործոնից, և դրանց վրա ազդում են արժեշղթայի բոլոր օղակները՝ արտադրողից մինչև վերջնական սպառող։ Հենց այս եզրակացությունից հետո հայտնի դարձավ, որ կառավարությունը ծրագրում է ստեղծել նշված հարթակը։