Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նամակ է հղել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։
«Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում այն բացառիկ և չափազանց ջերմ հյուրընկալության համար, որը Դուք և Ձեր թիմը ցուցաբերեցիք իմ և իմ պատվիրակության նկատմամբ՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Մեր երկու ժողովուրդների ջերմությունն ու եղբայրական հարաբերություններն առանձնահատուկ կերպով զգացվում էին իմ այցի ամեն փուլում։
Սերբիայի Հանրապետությունն ու Վրաստանը պարզապես երկու երկրներ չեն, որոնք հաջողությամբ զարգացնում են երկկողմ հարաբերությունները։ Մեզ միավորում են ընդհանուր արժեքները, մենք ունենք նմանատիպ պատմություն, որը դարերի ընթացքում սերտորեն միահյուսված է եղել միմյանց և որի հիմքը ուղղափառ քրիստոնեությունն է, որը դիմակայել է ժամանակի ամենածանր փորձություններին։
Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն արագընթաց առաջընթացն ու զարգացումը, որին հասնում է Ձեր երկիրը, նաև առաջնորդների ու կառավարության հաստատակամ ցանկությունը՝ ուղղելու բոլոր ջանքերը հանուն Վրաստանի հետագա հաջողությունների և շոշափելի արդյունքների ձեռքբերման։ Միաժամանակ, ես անկեղծորեն ուրախանում և հպարտանում եմ Ձեր հաջողություններով, քանի որ հենց դրան են արժանի Ձեր երկիրն ու քաղաքացիները։
Խորապես համոզված եմ, որ մեր համագործակցության ամենակարևոր ձեռքբերումները դեռ առջևում են, ինչը օգուտ կբերի ինչպես մեր երկրների գործարար շրջանակներին, այնպես էլ մեր քաղաքացիներին, որոնք միմյանց հանդեպ աչքի են ընկնում առանձնահատուկ բարյացակամությամբ ու ընկերական վերաբերմունքով։ Սա հատկապես հստակորեն զգացվում էր այն ժամանակահատվածում, որը Դուք այդքան առատաձեռնորեն տրամադրեցիք ինձ և իմ պատվիրակությանը։
Մինչ հոկտեմբերին Բելգրադում Ձեզ կհյուրընկալեմ՝ որպես թանկագին հյուրի և եղբոր, օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք և հավաստիացնում իմ խորին հարգանքը»,- ասված է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի Կոբախիձեին ուղղված նամակում։