Շուրջ 60 հազար օտարերկրյա ուսանող սպասում է Վրաստան մուտք գործելուն

Այսօրվա դրությամբ՝ շուրջ 60 հազար օտարերկրյա ուսանող, որոնք ընդունվել են Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, սպասում են երկիր մուտք գործելուն և ուսումը սկսելուն, խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։ Նիստում արագացված կարգով, առաջին ընթերցմամբ քննարկվել և աջակցություն է ստացել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Դարախվելիձեն պատգամավորներին է ներկայացրել համալսարանների վիճակագրական տվյալները և նշել, որ այս գործընթացն ներկայումս կախված է համալսարանների և ուսանողների միջև անցկացվող հարցազրույցներից։

Զեկուցողի պարզաբանմամբ՝ օրենսդրական փաթեթի նպատակը միգրացիոն գործընթացների արդյունավետ կառավարումն ու անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուժեղացումն է։

Նոր կարգավորումներով զգալիորեն խստացվում են Վրաստան ուսանողների մուտք գործելու և կացության իրավունք ստանալու կանոնները.

  Լեզվի սերտիֆիկատ. օտարերկրյա ուսանողը վրացական համալսարան ընդունվելու համար պետք է ներկայացնի կառավարության սահմանած լեզվի տիրապետումը հաստատող սերտիֆիկատ։ Քննությունների ազգային կենտրոնին էլ լիազորություն է տրվում, անհրաժեշտության դեպքում, ինքնուրույն կազմակերպել օտար լեզվի քննությունը։

 Ակադեմիական առաջադիմություն. օտարերկրյա ուսանողը մեկ ուսումնական տարվա ընթացքում պետք է կուտակի օրենսդրությամբ նախատեսված կրեդիտների առնվազն մեկ երրորդը։

 Կարգավիճակի կասեցում. ուսանողի կարգավիճակի կասեցումը 90 օրից ավելի ժամկետով հիմք կհանդիսանա նրա կացության իրավունքի չեղարկման համար։ Դրա հետ մեկտեղ, կարգավիճակի վերականգնումը հնարավոր կլինի միայն համալսարանի համար սահմանված քվոտաների շրջանակներում։

 Երկրից երկարատև բացակայություն. եթե ուսանողն ավելի քան 183 օր լքի երկիրն առանց հարգելի պատճառի (փոխանակման ծրագիր կամ բժշկական անհրաժեշտություն), նա կկորցնի կացության իրավունքը։

Այս գործընթացները վերահսկելու նպատակով Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության բազայի վրա կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կարտացոլվեն յուրաքանչյուր օտարերկրյա ուսանողի ընդունելության, ուսումնառության և կարգավիճակի փոփոխության տվյալները։