Վրաստանը խստացնում է օտարերկրյա ուսանողների կացության կանոնները

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Դարախվելիձեն լիագումար նիստում պարզաբանել է, թե որ դեպքերում օտարերկրյա ուսանողները կզրկվեն ուսումնական կացության իրավունքից։

Դարախվելիձեի խոսքով՝ ներդրվում է լեզվական չափանիշների ստուգման լրացուցիչ բաղադրիչ. մասնավորապես՝ ներդրվում է մեխանիզմ, որով Վրաստանի կառավարությունը կսահմանի օտար լեզվի միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկատների կոնկրետ ցանկը։

Նախարարի տեղակալի պարզաբանմամբ՝ Քննությունների ազգային կենտրոնը հնարավորություն կունենա ինքնուրույն կազմակերպելու օտար լեզվի քննությունը, և այն բանից հետո, երբ օտարերկրացին կհաստատի լեզվի տիրապետման իր ձեռքբերումը, կընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն։

«Ինչ վերաբերում է ուսումնական կացությանը՝ այստեղ նույնպես լուրջ մարտահրավերներ կան։ Միգրացիայի դեպարտամենտը ստուգել է ավելի քան 10 հազար օտարերկրացու և իրականացրել ավելի քան 100 ստուգայց այն բանից հետո, երբ նոր օրենքն ուժի մեջ է մտել (խոսքը 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին է)։ Բազմաթիվ օտարերկրյա ուսանողների, որոնք օգտվում էին ուսանողական կացության իրավունքից, մենք ստուգել ենք փողոցում՝ պատահական ընտրության սկզբունքով, և ի հայտ է եկել բավականին մեծ զանգված, որը չէր սովորում բարձրագույն ուսումնական հաստատությունում, բայց օգտվում էր կացության իրավունքից։ Նրանց ուսանողի կարգավիճակը կասեցված էր, բայց իրենք դեռ օգտագործում էին կացության քարտը, կամ` ընդհանրապես չէին համապատասխանում տարրական հաղորդակցման լեզվի տիրապետման բաղադրիչին»,- ասել է նա

Միաժամանակ, որպեսզի «բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը չչարաշահվի կացության իրավունք ստանալու նպատակով», Դարախվելիձեն խորհրդարանական պատգամավորներին առաջարկել է մի տարբերակ, ըստ որի` կսահմանվի սովորելու պարտավորություն. մասնավորապես՝ եթե ուսանողը մեկ ուսումնական տարվա ընթացքում չկուտակի առնվազն կրեդիտների մեկ երրորդը, այսինքն՝ նվազագույնը 20 կրեդիտ, նա կկորցնի կացության իրավունքը։

Ալեքսանդրե Դարախվելիձեի պարզաբանմամբ՝ նշված գործընթացի պատշաճ վերահսկողության համար օրենքով պարտավորություն է առաջանում ստեղծել միասնական տեղեկատվական էլեկտրոնային բազա, որտեղ կարտացոլվեն յուրաքանչյուր օտարերկրյա ուսանողի ընդունելության և ուսումնառության հարցերը, և համապատասխան ծառայությունները մոնիտորինգի հնարավորություն կունենան։

«Այն դեպքում, եթե համալսարանը չկատարի այս պահանջները, նախատեսված է համապատասխան վարչական պատասխանատվություն։

Նաև հաճախակի էին դեպքերը, երբ անչափահաս ուսանողն ընդունվում էր հանրակրթական կամ բարձրագույն կրթական հաստատություն և ուսումնական կացության իրավունք ստանալուց հետո պահանջում էր ընտանիքի վերամիավորում, ինչի հետևանքով նրա հետ երկիր էին մուտք գործում ընտանիքի անդամները։ Այդ պատճառով օրենսդրական մակարդակով սահմանվեց, որ ուսումնական կացության իրավունք կտրվի միայն չափահաս անձանց։ Ինչ վերաբերում է անչափահաս անձանց, ներդրվում է հատուկ՝ նոր D6 կատեգորիայի վիզա, որը կտրվի ուսումնական նպատակներով՝ մեկ տարի ժամկետով։ Եղել են նաև դեպքեր, երբ օտարերկրացիներին ընդունում էին հավաստագրման (սերտիֆիկատային) կուրսերում, ինչը ևս հիմք էր դառնում կացության իրավունքի տրամադրման համար. սա նույնպես հստակեցվեց, և այսուհետ օտարերկրացու ընդունելությունը կարող է իրականացվել միայն հավատարմագրված (ավտորիզացված) բարձրագույն կամ պրոֆեսիոնալ կրթական ծրագրերում»,- ասել է Ալեքսանդրե Դարախվելիձեն։