Այսօրվանից Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների միջև կիրականացվեն կանոնավոր չվերթեր։ Georgian Airways ավիաընկերությունն արդեն իսկ իրականացրել է առաջին թռիչքն այս ուղղությամբ։
«TAV Georgia»-ի հաղորդմամբ՝ ամառային նավագնացության (թռիչքային) շրջանում Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով չվերթերը նախատեսված են յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի։ Մինչ չվերթի առաջին թռիչքը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել խորհրդանշական միջոցառում։
Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների կառավարող ընկերության՝ «TAV Georgia»-ի գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի և Բաթումիի միջև կապի հաստատումը կարևոր է՝ հաշվի առնելով ակտիվ զբոսաշրջային սեզոնին երկրում և քաղաքներում առկա պահանջարկը։
«Բազմամյա ընդմիջումից հետո այսօր Թբիլիսիի օդանավակայանից առաջին անգամ կիրականացվի թռիչք դեպի Բաթումիի օդանավակայան, որը «Georgian Airways»-ը կատարելու է շաբաթական 4 անգամ, իսկ հաջորդ ամսվանից թռիչքների հաճախականությունը կարող է մեծանալ։ Վրաստանի, Թբիլիսիի և Բաթումիի համար շատ կարևոր է այս չվերթի գործարկումը, քանի որ Բաթումիում սկսվել է զբոսաշրջային սեզոնը, և մեր սպառողների շրջանում շատ մեծ պահանջարկ կար։ Դրանք ոչ միայն մեր երկրի բնակիչներն են, այլև մեր օտարերկրյա հյուրերը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Georgian Airways»-ին, որ հաշվի առավ մեր խնդրանքն ու շուկայում առկա պահանջարկը։ Այսօրվանից Թբիլիսին և Բաթումին շատ հեշտությամբ կկապվեն միմյանց հետ»,- ասել է Թեա Զաքարաձեն՝ հավելելով, որ վերջին անգամ դեպի Բաթումի չվերթեր իրականացնում էր Georgian Wings-ը, սակայն դրանք կանոնավոր թռիչքներ չէին։