Պետական անվտանգության ակադեմիան ստացել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ

Վրաստանի պետական անվտանգության ակադեմիային շնորհվել է բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։

Ակադեմիայի հաղորդմամբ՝ անվերապահ հավատարմագրում ստանալուց հետո Կրթության որակի զարգացման ազգային կենտրոն հայտ է ներկայացվել «Պետական անվտանգություն» մագիստրոսական կրթական ծրագրի հավատարմագրման նպատակով։

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման խորհուրդը, ներկայացված փաստաթղթերի և փորձագիտական գնահատականի հիման վրա, քննարկել ու սահմանել է, որ Պետական անվտանգության ակադեմիան լիովին բավարարում է հավատարմագրման չափանիշներով սահմանված պահանջները, ինչն էլ հիմք է դարձել ակադեմիային բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ շնորհելու որոշման։

Հավատարմագրման գործընթացում Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը հավատարմագրման այց է կատարել Պետական անվտանգության ակադեմիա։ Գնահատման ընթացքում մանրամասնորեն ուսումնասիրվել են ակադեմիայի ինստիտուցիոնալ գործունեությունը, ակադեմիական, վարչական և նյութատեխնիկական ռեսուրսները, ուսումնական միջավայրն ու ենթակառուցվածքները, նաև դրանց համապատասխանությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործող չափանիշներին ու հավատարմագրման պահանջներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնը բացվել էր 2020 թվականին, իսկ 2026 թվականին՝ բարեփոխումների շրջանակում, վերակազմավորվել է Պետական անվտանգության ակադեմիայի։