Վրաստանում Միացյալ Նահանգները դեսպանի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի․ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էմի Դիազը փոխարինել է Ալան Փըրսելին։
ԱՄՆ արտաքին ծառայության բարձրաստիճան դիվանագետ Էմի Վ․ Դիազը 2026 թվականի հուլիսից Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը կզբաղեցնի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի (գործերի ժամանակավոր հավատարմատարի) պաշտոնը։
«Տիկին Դիազը տարբեր ժամանակներում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները՝ Լիլոնգվեում (Մալավի) ԱՄՆ դեսպանատանը գործերի ժամանակավոր հավատարմատար և առաքելության ղեկավարի տեղակալ, ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպական գործերի բյուրոյի Քաղաքականության և գլոբալ հարցերի գրասենյակի փոխտնօրեն, Հարարեում (Զիմբաբվե) ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ, Քաբուլում (Աֆղանստան) ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի խմբի ղեկավար։
Նրա աշխատանքային փորձը ներառում է նաև Պանամայում ԱՄՆ դեսպանատանը օրենքի գերակայության հարցերով խորհրդականի և «Ամերիկայի գագաթնաժողովի» համակարգողի պաշտոնները, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը ներքին քաղաքականության բաժնի ղեկավարի պաշտոնը, Հարարեում ԱՄՆ դեսպանատանը փոխհյուպատոսի պաշտոնը, Մոնտեռեյում (Մեքսիկա) ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունում փոխհյուպատոսի պաշտոնը։
Տիկին Դիազը ԱՄՆ պետդեպարտամենտին միացել է 2002 թվականին՝ ԱՄՆ նախագահի անվան կառավարման կրթաթոշակառուների (Presidential Management Fellows) ծրագրի շրջանակներում, իսկ 2005 թվականից դարձել է ԱՄՆ արտաքին ծառայության կարիերային դիվանագետ։
Նա բակալավրի աստիճանը ստացել է Սենթ Ջոնս քոլեջում (Անապոլիս, Մերիլենդ նահանգ), իսկ Արիզոնայի համալսարանում ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։
Տիկին Դիազին ԱՄՆ պետդեպարտամենտը բազմիցս պարգևատրել է Բարձրագույն պատվո և Հատուկ ծառայությունների պատվավոր մրցանակներով։
Նա ամուսնացած է և ունի մեկ երեխա»,- գրված է դեսպանատան կայքում։