Վրաստանի կառավարությունն ու պետական գերատեսչությունները 2026 թվականի երկրորդ եռամսյակում Facebook-ում և Instagram-ում գովազդի վրա ծախսել են 130 հազար 562 դոլար։ «Արդար ընտրություններ» (ISFED) կազմակերպությունը հրապարակել է Meta-ի հարթակներում ապրիլի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված քաղաքական և սոցիալական գովազդների վերլուծությունը։
«Meta-ի հարթակներում Վրաստանի լսարանի համար տեղադրված քաղաքական գովազդների ծախսերը, նախորդ եռամսյակի համեմատ, 2026 թվականի ապրիլ-հունիս ժամանակահատվածում աճել են 5.9%-ով։ Ընդհանուր գովազդային ծախսերի 43%-ը բաժին է ընկել «Վրացական երազանք» կուսակցությանն ու նրա ներկայացուցիչներին, իսկ 38%-ը՝ կառավարության և պետական գերատեսչությունների էջերին։
Նախորդ եռամսյակի համեմատ՝ «Վրացական երազանք»-ն ու նրա անդամները ապրիլի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Meta-ի հարթակներում տեղադրել են 47%-ից ավելի մեծ արժողության գովազդներ, իսկ կառավարական էջերն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կատարել են 34%-ից ավելի շատ գովազդային ծախս, քան նույն տարվա հունվար-մարտ ամիսներին։
«Վրացական երազանք«-ի արբանյակ կուսակցությունների գովազդային ծախսերը, նախորդ եռամսյակի համեմատ, աճել են 3.7 անգամ։
Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներից հետո «Իմեդի» հեռուստաընկերության գովազդային ակտիվությունը Meta-ի հարթակներում ամբողջությամբ դադարեցվել է։ Պատժամիջոցների ենթարկված մյուս հեռուստաընկերության՝ «POSTV»-ի անունով գովազդներ այլևս չեն հրապարակվել, սակայն հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ֆեյսբուքյան էջում սահմանափակ քանակությամբ գովազդներ, այնուամենայնիվ, տեղադրվել են։
Meta-ի քաղաքական գովազդների վրա վրացական կուսակցությունների կատարած գովազդային ծախսերի ավելի քան 84%-ը բաժին է ընկել «Վրացական երազանք»-ին և նրա ներկայացուցիչներին»,- նշված է ISFED-ի զեկույցում։