Սամխարաձեն հանդիպել է Կորեայի խորհրդարանական պատվիրակությանը

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը։

Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման խնդիրներն ու փոխադարձ այցելությունների անհրաժեշտության հարցը։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են առևտրատնտեսական կապերի և տուրիզմի հարցերին, քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման խնդիրը, հատուկ ուշադրություն են դարձրել Վրաստանի քաղաքացիների համար Կորեայում առանց վիզայի ռեժիմի սահմանման հարցին։

 Հանդիպման գլխավոր թեմաներից է եղել օկուպացված շրջաններում տիրող իրավիճակը։ Սամխարաձեն պատվիրակության անդամներին ներկայացրել է տեղահանված անձանց և Ուկրաինայից փախստականներին պետության ցուցաբերվող աջակցությունը, նաև այն պետական ծրագրերը, որոնցից օգտվում են նրանք։

Հանձնաժողովի նախագահը խոսել է միջազգային դատարաններում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» շահած դատական վեճերի մասին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ում տեղահանված անձանց ու փախստականների կարգավիճակի մասին բանաձևին Կորեայի Հանրապետության աջակցության համար։

Կորեական պատվիրակությունը ևս մեկ անգամ հաստատել է իր անվերապահ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։