Վրաստանի կառավարության նախկին անդամին և Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Մամուկա Մդինարաձեին պետական պահպանություն է նշանակվել։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Փաստաթղթի համաձայն՝ Մդինարաձեին պետական պահպանությունը նշանակվել է «համապատասխան նախապայմաններից ելնելով», իսկ ժամկետ է սահմանվել մինչև 2027 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը՝ պետական պահպանության նվազագույն չափանիշներին համապատասխան։
Պահպանության միջոցառումների իրականացումը հանձնարարվել է Պետական պահպանության հատուկ ծառայությանը։
Հիշեցնենք, որ լիազորությունների ժամկետի ավարտից 1 տարի անց կամ լիազորությունների դադարեցումից 1 տարի անց բարձրաստիճան պաշտոնյաներին պահպանություն է նշանակվում, եթե նրանց լիազորությունների դադարեցումը Վրաստանի Սահմանադրության խախտման կամ հանցագործություն կատարելու հետևանք չէ, և առկա են բավարար տվյալներ կամ համապատասխան ծառայություններից ստացվել է տեղեկատվություն, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։