Թելավիի շրջանային դատարանը 50 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել հայտնի նյարդաբան Մաիա Կոխտաշվիլիին. նրան ձերբակալել էր Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը՝ հոգեմետ դեղամիջոցներ ապօրինաբար նշանակելու մեղադրանքով։
Ախմետայի շրջանային կլինիկայի բժշկուհուն սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում: Գրավը հավաքել են տարածաշրջանի բնակիչները, Կոխտաշվիլիի գործընկերները և սոցցանցերի օգտատերերը` ընդամենը մեկուկես ժամվա ընթացքում։
Հիմնական ապացույցը մի տեսահոլովակ է, որտեղ տղամարդը խնդրում է հոգեմետ դեղ նշանակել, բժիշկը խոստանում է 14 օր հետո հեռակա կարգով երկարաձգել դեղատոմսի ժամկետը, որ նա ստիպված չլինի այցելել կլինիկա: Սակայն տեսանյութում որևէ գումարի փոխանակում կամ շահախնդրության մասին որևէ ակնարկ չկա:
Բուժառուների ու գործընկերների կարծիքով` բժիշկը ստոր սադրանքի զոհ է դարձել: «Մթիս Ամբեբի» տարածաշրջանային լրատվամիջոցի խմբագիր Գելա Մտիվլիշվիլիի պնդմամբ` «հիվանդի» դերը ստանձնել է Ֆինանսների նախարարության գաղտնի գործակալը: