Մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն պաշտոնից ազատել է 2 տեղակալի՝ Գիորգի Միրցխուլավային և Գրիգոլ Ցերցվաձեին։ Պաշտոնը պահպանել է Միխեիլ Կիկնաձեն։ Նա նշանակվել էր նախարար Թինաթին Ռուխաձեի հրաժարականից հետո, և ինքն էր նախարարության ղեկավարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, նախարարի հրաժարականից հետո նախարարությունից հեռացել էր նաև առաջին տեղակալ Մակա Գուրգենիձեն։
Մշակույթի նախարարի պաշտոնը թափուր էր հուլիսի 28-ից։ Ֆեյսբուքում տարածած հայտարարության մեջ Թինաթին Ռուխաձեն հրաժարականի պատճառ էր նշել առողջական վիճակը։ Նրա պարզաբանմամբ՝ առողջական վիճակը թույլ չէր տալիս պատշաճ ուշադրություն դարձնել գործին, որը շատ է սիրում և իր համար թանկ է։
Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 14-ին հայտարարել էր, որ նախարարի թեկնածությունը կներկայացնի առաջիկայում, և կառավարությունում այլ կադրային փոփոխություններ չեն սպասվում։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին, կառավարությունում կայացած ճեպազրույցում վարչապետը ներկայացրեց նոր նախարարին` Մաիա Բիթաձեին։