Թբիլիսիի №21 դպրոցում սեպտեմբերի 28-ից կվերսկսվի ուսումնական գործընթացը

Կրթության նախարարությունը հայտնել է, որ Թբիլիսիի №21 հանրային դպրոցում սեպտեմբերի 28-ից ուսումնական գործընթացը կվերսկսվի։

Ըստ նախարարության հաղորդագրության` որոշումը կայացվել է միջգերատեսչական ձևաչափով հարցի քննարկման, փորձագետների հետ խորհրդակցությունների և դպրոցական համայնքի ներգրավվածության հիման վրա։

Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյից ստացված հավելյալ պարզաբանումների հիման վրա ճշգրտվել են այն միջոցառումները, որոնց իրականացումն այս փուլում անհրաժեշտ է դպրոցի շենքում։

«Փորձագետների հանձնարարականի համաձայն՝ նախատեսված է ճակատային մասում վնասված ծեփաշերտի հատվածներից պատերի մաքրում և բացված տեղերի ծեփում, նաև նկուղային տարածքում առկա ճաքերը կլցվեն մեծ ամրության ավազ-ցեմենտի կամ պոլիմեր-ցեմենտի շաղախով։ Շենքի վիճակի նկատմամբ շահագործման ընթացքում կշարունակվի մշտական դիտարկումը։

Նշված աշխատանքները կապալառու ընկերությունը կատարելու է քաղաքային զարգացման հիմնադրամի համապատասխան իրավասության մասնագետների խիստ տեխնիկական վերահսկողության և մոնիտորինգի ներքո։ Դրանից բացի, աշխատանքների ընթացքի և կատարման որակի նկատմամբ անընդհատ անհատական փորձագիտական վերահսկողություն կիրականացնեն Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի մասնագետները։ Աշխատանքների ընթացքում ապահովված կլինի աշակերտների և դպրոցի անձնակազմի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումների իրականացումը։

Անվտանգության հավելյալ միջոցառումների շրջանակում Վրաստանի կրթության և գիտության նախարարության մանդատուրայի ծառայությունը դպրոցում հավելյալ անձնակազմ կհատկացնի։

Կրթության նախարարությունը նաև շարունակում է համապատասխան այլընտրանքային տարածքի որոնումը, որպեսզի հնարավոր դառնան դպրոցի շենքի վրա հետագա լայնամասշտաբ աշխատանքների պլանավորումն ու իրականացումը։

Ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ շենքի վիճակը և ուսումնական միջավայրի անվտանգությունը կլինեն համապատասխան գերատեսչությունների մշտական վերահսկողության տակ։ Անհրաժեշտության դեպքում հավելյալ միջոցառումներ կիրականացվեն օպերատիվորեն»,- նշված է հաղորդագրության մեջ։