2027 թվականից Վրաստանում կենսաթոշակը կավելանա

2027 թվականից 70 տարեկանից ցածր անձանց կենսաթոշակը կավելանա 20 լարիով, իսկ 70-ից բարձր տարիքի քաղաքացիներինը` 60 լարիով, 2027 թվականի բյուջեին անդրադառնալով` ասել է Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Պաատա Կվիժինաձեն։

Նրա խոսքով՝ 2027 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը հանձնաժողովներում կսկսվի հաջորդ շաբաթվանից։

Պատգամավորը նշել է, որ «2027 թվականի բյուջեն ուղղված է զարգացմանը»։

«Եկամուտների մասով համախմբված բյուջեն ավելանում է գրեթե 2 միլիարդով։ Գործնականում բոլոր նախարարություններին գումար է ավելանում։ Ինչ վերաբերում է սոցիալական հարցերին՝ 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակը կավելանա 60 լարիով և կդառնա 555 լարի, նույն տարիքային կատեգորիայի մարդիկ, որոնք ապրում են լեռնային շրջաններում, կստանան 665 լարի։ 70 տարեկանից ցածր անձանց դեպքում կենսաթոշակը կավելանա 20 լարիով։ Նույն համամասնությունն արված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հանրային հատվածում աշխատավարձերն այս փուլում կավելանան 8.4%-ով։

Երկուշաբթի օրվանից կսկսվեն քննարկումները հանձնաժողովներում։ Ոլորտային հանձնաժողովներն իրենց նախարարությունների հետ միասին կքննարկեն այս հարցերը։ Որոշակի ժամանակ անց մենք կներկայացնենք դիտողություններ՝ ինչ կարող է ավելանալ կամ նվազել, և կուղարկենք կառավարությանը լրամշակման, որպեսզի նոյեմբերին մուտք գործի նոր տարբերակը։ Ընդգծում եմ, որ այս բյուջեն նախնական է, և հավելումներ կլինեն երկրորդ և երրորդ ընթերցումների ժամանակ», -ասել է Կվիժինաձեն։