Զինա Կուրղինյանի ուղին սկսվել է Ջավախքի Բուռնաշեթ գյուղից և հասել մինչև ԹՊՀ-ի ուսանողուհի դառնալն ու չինարենի լեզվական մրցույթում հաղթանակ գրանցելը։
Զինան ուսանում է սինոլոգիա, իսկ որպես երկրորդ մասնագիտություն ընտրել է քաղաքական գիտությունը։
«Ես ծնվել և մեծացել եմ Ջավախքում՝ Բուռնաշեթ գյուղում։ Իմ ընտանիքում կրթությունը միշտ մեծ արժեք է ունեցել։ Ծնողներս երբեք չեն խնայել ոչ ժամանակ, ոչ միջոց, որպեսզի ես կարողանամ հաճախել տարբեր պարապմունքների, ուսումնասիրել տարբեր ոլորտներ և զարգացնել իմ հետաքրքրությունները։ Նրանք միշտ աջակցել են ինձ և երբեք չեն սահմանափակել իմ երազանքները», — ասաց Զինան։

«Ալիք Մեդիա Վրաստանի»-ի հետ զրույցի ժամանակ Զինան պատմեց իր ճանապարհին հանդիպած կարծրատիպերի և դրանց հաղթահարման մասին։ Ինչպես նշում է նա, փոքր համայնքում մեծանալն ու աղջիկ լինելը շատերի պատկերացմամբ կարող էին սահմանափակումներ ստեղծել, սակայն ինքը դրանք դարձրել է լրացուցիչ մոտիվացիա։
«Ես երբեք թույլ չեմ տվել, որ նման կարծրատիպերը որոշեն իմ ապագան։ Ընդհակառակը՝ դրանք ինձ համար դարձան լրացուցիչ մոտիվացիա՝ ավելի շատ սովորելու, զարգանալու և իմ հնարավորությունները գործով ապացուցելու։ Իմ ճանապարհին ինձ միշտ այս հարցն էի տալիս՝ ինչո՞ւ ոչ եu», — պատմեց նա։
Վրաստանում սովորելն ու վրացերենին տիրապետելը Զինայի երկար տարիների երազանքն է եղել։ Համալսարան ընդունվելիս նա ինքն իրեն խոստացել է լեզուն սովորել այնպիսի մակարդակով, որ չտարբերվի վրացիներից։ Այսօր վրացերենը նրա համար դարձել է առօրյայի և կրթության լիարժեք լեզու՝ գրեթե մայրենիի մակարդակով։
Նախապատրաստական կուրսից հետո սկսվել է ուսանողական կյանքի ամենաբարդ փուլերից մեկը՝ մեծածավալ ուսումնական նյութերով, բարդ առարկաներով ու քննություններով։
«Իմ կարգախոսը միշտ այն է եղել, որ եթե մի բան անում եմ, ուրեմն կամ շատ լավ եմ անելու, կամ չեմ անելու ոչ մի բան։ Այդ փուլում ես շատ լավ հասկացա, որ միայն ցանկությունը բավարար չէ։ Եթե ուզում ես արդյունքի հասնել, պետք է պատրաստ լինես երկար աշխատելու, երբեմն հոգնելու, դժվարանալու, բայց երբեք չհանձնվելու», — ընդգծեց Զինան։

Համառ աշխատանքի շնորհիվ նա հաղթահարել է բոլոր դժվարություններն ու արժանացել կրթաթոշակի։
Բացի բարձր առաջադիմությունից, Զինան ակտիվորեն մասնակցում է գիտաժողովների, մրցույթների և կրթական ծրագրերի։ Չինարենի ընտրությունը նրա կյանքում դարձել է կարևոր շրջադարձային որոշում։ Սկզբում նա վստահ էր, որ ընդունվելու է բիզնեսի ֆակուլտետ, սակայն նախապատրաստական կուրսի դասախոսի խորհուրդը ստիպել է վերանայել որոշումը։
«Չինարենը համարվում է աշխարհի ամենադժվար լեզուն։ Ես ուզում էի ընտրել այն ճանապարհը, որը ինձ կստիպեր ամեն օր ավելի շատ աշխատել, հաղթահարել ինքս ինձ և ապացուցել, որ «դժվար» բառը դեռ չի նշանակում «անհնար»։ Երբ առաջին անգամ առնչվեցի չինարենի հետ, անկեղծ ասած՝ սարսափահար եղա, բայց հենց այդ վախն էլ ինձ ավելի հետաքրքրեց. նայեցի հիերոգլիֆներին, լսեցի տոները և հասկացա, թե ինչ ճանապարհ է ինձ սպասվում։ Բայց հենց այդ վախն էլ ինձ ավելի հետաքրքրեց։ Ես որոշեցի հետ չկանգնել միայն այն պատճառով, որ ինչ-որ բան դժվար էր թվում։ Ընդհակառակը՝ մտածեցի, որ եթե կարողանամ հաղթահարել այս դժվարությունը, դա ինձ համար կլինի ապացույց, որ շատ ավելին կարող եմ, քան ինքս եմ պատկերացնում։ Այդ օրվանից չինարենը դարձավ ինձ համար ոչ միայն լեզու սովորելու, այլև սեփական վախերը հաղթահարելու ճանապարհ։ Եվ այսօր, ամեն անգամ, երբ նոր հիերոգլիֆ կամ բարդ քերականական կառուցվածք եմ սովորում, հիշում եմ այն առաջին օրը և հասկանում՝ այն, ինչ սկզբում սարսափելի էր թվում, աստիճանաբար դարձավ իմ սիրելի զբաղմունքներից մեկը», — ասաց նա։
Չինարենի իմացությունն ու ջանասիրությունը Զինային բերեցին նաև առաջին խոշոր հաղթանակը․ նա մասնակցեց չինարեն լեզվով խոսքի մրցույթին և գրավեց առաջին տեղը։

«Ես պետք է բեմ բարձրանայի և երեք րոպեի ընթացքում չինարենով խոսեի այն մասին, թե ինչ է տվել ինձ չինարենը։ Երբ բեմի վրա կանգնեցի, ինքս ինձ ասացի՝ սա այն պահն է, երբ ես պետք է համարձակ լինեմ։ Եվ հաղթեցի։ Այդ օրը ևս մեկ անգամ հասկացա, որ անհնար ոչինչ չկա, պետք է միայն աշխատասիրություն և ցանկություն», — նշեց Զինան՝ հավելելով, որ այս ամբողջ ընթացքում իրեն անհատույց աջակցել և ոգեշնչել է իր դասախոսը։

Չբավարարվելով ձեռքբերումներով՝ Զինան որոշել է ուսումնասիրել նաև քաղաքական գիտություն։ Նա ցանկանում է ապագայում համատեղել սինոլոգիան և քաղաքագիտությունը՝ աշխատելով միջազգային հարաբերությունների, դիվանագիտության կամ հանրային քաղաքականության ոլորտում։
«Քաղաքական գիտությունը ինձ համար պատահական ընտրություն չէր։ Ինձ միշտհետաքրքրել են քաղաքական քննարկումները, պետությունների հարաբերությունները, հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները և այն հարցը, թե ինչպես են կայացվում որոշումները։Ժամանակի ընթացքում հասկացա, որ ուզում եմ ոչ միայն հետևել քաղաքականությանը, այլև ավելի ակադեմիական և խորքային կերպով հասկանալ այն ։Այդ պատճառով որոշեցի Սինոլոգիայի հետ սովորել նաև քաղաքական գիտություն։ Հետագայում ուզում եմ այս երկու ուղղությունները համատեղել և աշխատել միջազգային հարաբերությունների, դիվանագիտության կամ հանրային քաղաքականության ոլորտում»։
Զինայի հետաքրքրությունները բազմազան են․ նա վերջերս սկսել է կիթառ նվագել սովորել, հետաքրքրված է բլոգինգով, ինչպես նաև մասնակցել է Դմանիսիի հնագիտական ամառային դպրոցին։ Պեղումների, գտածոների փաստագրման և լաբորատոր աշխատանքների փորձառությունն այնքան է տպավորել նրան, որ ապագայում չի բացառում հնագիտությանն ավելի խորությամբ վերադառնալու հնարավորությունը։

Զինայի ապագայի ծրագրերը մեծ են ու հստակ։ Նա նպատակ ունի մագիստրատուրան շարունակել արտասահմանում, դառնալ դիվանագետ, մեկնել Չինաստան՝ լեզուն իրական միջավայրում կատարելագործելու համար, ինչպես նաև զարգացնել թուրքերենի խոսակցական հմտությունները։ Նա արդեն իսկ դիմել է եվրոպական մի քանի ծրագրերի։
Երիտասարդներին Զինան խորհուրդ է տալիս երբեք թույլ չտալ, որ ուրիշների կարծիքը որոշի սեփական հնարավորությունների սահմանը։
«Եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, որ չեք կարող, մի հրաժարվեք ձեր նպատակից միայն այդ խոսքերի պատճառով։ Հավատացեք ինքներդ ձեզ և պատրաստ եղեք աշխատել դրա համար։ Եթե շատերը չեն կարողանում, դա դեռ չի նշանակում, որ դուք նույնպես չեք կարող։ Փորձեք, աշխատեք և եղեք հենց այն մարդը, ով կարողանում է», — եզրափակեց նա։
