ԱԳ նախարարները հունվարին կքննարկեն Վրաստանի հարցը․ Կայա Կալաս

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ընդլայնման զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանի հարցը անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն հունվարին։

Այսպես է պատասխանել Կալասը DW-ի հարցին՝ արդյոք հանձնաժողովը Վրաստանը դիտարկում է որպես գործող ժողովրդավարություն, որը ձգտում է եվրոպական չափանիշներին, և ինչ ազդեցություն ունի ընդդիմադիր կուսակցությունների արգելման գործընթացը ԵՄ ինտեգրման վրա։

«Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցված է, ինչպես նշեցինք ներածական խոսքում։ Մենք սատարում ենք վրաց ժողովրդին և նրանց ընտրությանը։ Հունվարին արտաքին գործերի նախարարների հետ ավելի խորը քննարկում կունենանք Վրաստանի վերաբերյալ՝ այն մասին, թե ինչպես լավագույնս աջակցենք ժողովրդին և նրանց ձգտմանը՝ դառնալու Եվրամիության անդամ», — հայտարարել է Կալասը։