Խառը մենամարտերի խոշորագույն կազմակերպությունը՝ UFC-ն, 2027 թվականի վերջին նախատեսում է միջոցառում անցկացնել Վրաստանում:
Վրաստանում շոու կազմակերպելու հարցի շուրջ բանակցությունները UFC-ի և վրացական կողմի միջև ընթանում էին երկար ժամանակ: Իսկ կազմակերպության ներքին փաստաթղթի՝ սոցիալական ցանցում տարածված լուսանկարից հայտնի է դարձել, որ UFC-ն պատրաստվում է ընդլայնվել և Վրաստանում միջոցառումն անցկացնել 2027 թվականի երրորդ եռամսյակում (Q3 2027)՝ հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում:
Տարածված փաստաթղթի համաձայն՝ Վրաստանում միջոցառման անցկացման հավանական վայր է դիտարկվում Թբիլիսիի սպորտի պալատը:
2027 թվականին UFC-ի միջոցառումներ են նախատեսվում նաև տարածաշրջանի այլ երկրներում: Մասնավորապես, փաստաթղթում նշված են Ղազախստանը (Almaty Arena)՝ 2027 թվականի մայիսի 1-ին, Ուզբեկստանը (Humo Arena)՝ 2027 թվականի երրորդ եռամսյակում և Ղրղզստանը (Bishkek Arena)՝ 2027 թվականի չորրորդ եռամսյակում:
UFC-ի ընդլայնման ծրագիրը նպատակ ունի նոր շուկաներ յուրացնել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում:
Կազմակերպությունը տարածված փաստաթղթի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն դեռ չի արել: Հետևաբար, միջոցառման անցկացման ստույգ ամսաթիվն ու այլ մանրամասները առայժմ անհայտ են: