Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեում կատարված փոփոխությունները: Բյուջեի ճշգրտված նախագիծն օրենսդիր մարմնին է ներկայացրել ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:

Նախարարի հայտարարությամբ՝ ընթացիկ տարում Վրաստանի տնտեսության իրական աճի կանխատեսումը կազմում է 6.8%, իսկ անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կլինի 120 միլիարդ 306 միլիոն լարի:

Նրա տեղեկատվությամբ՝ միջին տարեկան գնաճի ցուցանիշը սահմանվում է 5.2%, համախմբված բյուջեի դեֆիցիտը կկազմի համախառն ներքին արդյունքի 1.2%-ը, իսկ կառավարության պարտքը կհավասարվի ՀՆԱ-ի 30%-ին:

Բյուջեի փոփոխությունների գլխավոր բաղադրիչներից մեկը հարկային եկամուտների աճն է: Ինչպես նշել է Լաշա Խուցիշվիլին, համախմբված բյուջեի հարկային եկամուտներն ավելանում են 810 միլիոն լարիով և կազմում 27 միլիարդ 850 միլիոն լարի:

Ֆինանսների նախարարի պարզաբանմամբ՝ աճ է գրանցվում հարկային եկամուտների բոլոր հիմնական կատեգորիաներում: Այդ թվում՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կանխատեսումն ավելացել է 320 միլիոն լարիով, ինչի արդյունքում, նրա խոսքով, համայնքային բյուջեները լրացուցիչ 64 միլիոն լարի կստանան:

Բացի այդ, Խուցիշվիլիի տեղեկատվությամբ, դրամաշնորհների և այլ եկամուտների կանխատեսումն աճում է 326 միլիոն լարիով և սահմանվում 3 միլիարդ 8 միլիոն լարի:

Իսկ մասնավորեցումից ստացվելիք եկամուտների կանխատեսումն ավելացել է 130 միլիոն լարիով և հավասարվում է 480 միլիոն լարիի:

Ֆինանսների նախարարի հայտարարությամբ՝ նոր պարտքերի ներգրավման նվազեցման հաշվին համախմբված բյուջեի մուտքերի ընդհանուր ցուցանիշը կազմում է 35 միլիարդ 991 միլիոն լարի: