Թբիլիսիի քաղաքապետարանը 343 հազար լարի կծախսի գլխավոր տոնածառի նոր զարդարանքների վրա

Թբիլիսիի քաղաքապետարանի «Թբիլսերվիս խումբը» նախատեսում է 343 հազար 26 լարի ծախսել կենտրոնական տոնածառը զարդարելու համար անհրաժեշտ ֆիգուրների և տոնածառի հիմքի ձեռքբերման վրա։ Գերատեսչությունն արդեն դիմել է Պետական գնումների գործակալությանը՝ պարզեցված գնման թույլտվություն ստանալու համար։

Գնումների գործակալության կայքում հրապարակված փաստաթղթերում նշվում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանի հանձնարարությամբ անհրաժեշտ է քաղաքի կենտրոնական տոնածառը զարդարել նոր ֆիգուրներով, ինչի կապակցությամբ «Թբիլսերվիս խումբ» ՍՊԸ-ն պարտավոր է աշխատանքների կատարումն ապահովել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։

«Հաշվի առնելով, որ 2027 թվականի Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին նվիրված միջոցառումների պլանավորումն ու կազմակերպումը հիմնականում կապված են ինտելեկտուալ ծառայության և անհատական ընկալման հետ, կարևոր են վիզուալ դետալներն ու տեղանքի առանձնահատկությունների հաշվառումը։ Վերոնշյալ հարցն իր հերթին առաջացնում է ժամանակային սահմանափակում, իսկ միջոցառման անցկացումը պետք է իրականացվի սեղմ ժամկետներում, հետևաբար՝ տոնածառի ֆիգուրների և տոնածառի հիմքի կոնստրուկցիայի գնումը նախապես չէր կարող պլանավորվել»,- ասված է գնումների հարթակում հրապարակված փաստաթղթում։

Ընդհանուր առմամբ «Թբիլսերվիս խումբը» պետք է ապահովի հետևյալ իրերի ձեռքբերումը.

 Թբիլիսիի տոնածառի լուսավորվող խաղալիք՝ 46 հատ,

 Տոնածառի հիմքի ֆիգուրներ՝ 12 հատ,

 Տոնածառի հիմք՝ երկաթյա քառակուսի խողովակներից պատրաստված հարթակ (պոդիում)՝ 1 հատ,

 Լուսավորվող աստղ՝ 25 հատ,

 Լուսավորվող փաթիլ՝ 60 հատ։

Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է 343 026 լարի։