Ամիրան Գամկղրելիձեն հանրայնորեն պատվաստվեց չինական պատվաստանյութով

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հանրայնորեն պատվաստվեց Sinopharm տեսակի պատվաստանյութով:

Գամկղրելիձեն, անդրադառնալով պատվաստանյութի ընտրությանը, ասել է.

«Խորհրդանշական է, որ 45 երկրում կիրառվող պատվաստանյութով Վրաստանում առաջինը ես պատվաստվեցի իմ հիվանդանոցում` Ալմա-Մատերում: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին: Նրանց հետ միասին աճել եմ ու 25 տարի այստեղ անցկացրել: Իսկ պատվաստանյութը  պատրաստված է «ավանդական» մեթոդով, նման պատվաստումներ շատերս ստացել ենք փոքր տարիքից»,- ասել է վարակաբանը:

Նշենք, որ Վրաստանի ողջ մասշտաբով այսօր մեկնարկում է չինական Sinopharm տեսակի պատվաստանյութով պատվաստման գործընթացը:

Ապրիլի 27-ից մեկնարկել է 18 տարեկանից բարձր անձանց գրանցումը՝ չինական պատվաստանյութով պատվաստման համար: Այս պահի դրությամբ պատվաստման համար գրանցվել է 17 613 անձ: Ընդհանուր առմամբ, Վրաստանը ստացել է Sinopharm-ի 100 000 չափաբաժին:

Լուսանկարը՝ netgazeti.ge