ԱՄՆ-ն ամրապնդում է Վրաստանի անվտանգությունը․ փոխպետքարտուղար

Ուկրաինական պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը փորձում է Վրաստանին տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար,  «Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը։

Ջենկինսն ամփոփել է հոկտեմբերի սկզբին իր եռօրյա այցը Վրաստան՝ գնահատելով այն արդյունավետ։

«Իմ ուղերձներից մեկն այն էր, որ մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը շարունակվում է, բացի այդ մենք հավասարապես հավատարիմ ենք Վրաստանի ինքնիշխանությանը: Հասկանում ենք, որ Վրաստանն այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ անվտանգությանը սպառնացող ռիսկն այդքան մոտ է», — ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև տեղյակ է, որ ՌԴ-ում հայտարարված մոբիլիզացիայի պատճառով ռուսների մեծ հոսք է մտնում Վրաստան, և ԱՄՆ-ն գիտակցում է, թե այն ինչ մարտահրավերների առաջ կարող է կանգնեցնել Վրաստանին։