ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի տնօրենը Թբիլիսիում է

Վրաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ, ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի տնօրեն Քրիս Սոչան Թբիլիսիում է և հանդիպումներ է ունեցել երկրի առաջնորդների հետ, խոսել «Վրաստանի ժողովրդավարության և կառավարման թուլացման խնդիրների» վերաբերյալ:

«Նա հանդիպել է վարչապետ Գիորգի Գախարիային, կառավարության այլ անդամներին, քաղաքական կուսակցությունների առաջնորդներին, խորհրդարանի խոսնակին, խորհրդարանի անդամներին, քաղաքացիական հասարակության և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ու քննարկումներ ունեցել Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ:

Դեսպանատան տեղեկատվության համաձայն, Սոչան հանդիպումներին խոսել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում և Աբխազիայում առկա իրավիճակի մասին:

Դրա հետ մեկտեղ, Սոչան խոսել է «Վրաստանում ժողովրդավարության և կառավարման թուլացման վերաբերյալ և փոխանցել Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի տնօրեն Ջիմ Ռիշի ուղերձն առ այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում են Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, սակայն, պետական մարմինները պետք է հարգեն բոլոր քաղաքական իրավունքներն ու շարունակեն հաշվետվողական համակարգի ամրապնդումը»: