Ամփոփվել է «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղը

Վրաստանում դեկտեմբերի 31-ին «Պատվաստվիր և շահիր» վիճակախաղի շրջանակներում խաղարկվել է 100 000 լարի (մոտ 32 258 ԱՄՆ դոլար)։ Հաղթողի անունը հայտնել են Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում։ 

Ինչպես հաղթողն է նշել, ինքը պատվաստվել է Pfizer պատվաստանյութով։ 

Նշենք, որ Վրաստանում պատվաստումների խթանման նպատակով «Պատվաստվիր և շահիր»  խաղարկությունը սկսվել էր սեպտեմբերի 13-ից։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ վիճակախաղում հաղթել է ավելի քան 17 հազար քաղաքացի, ընդհանուր առմամբ խաղարկվել է 2,7 մլն լարի։ 

Այս ամբողջ ժամանակահատվածում. 

  • 10 հոգի շահել է օրական 500 լարի (մոտ 161 ԱՄՆ դոլար), 150 հոգի՝ 100 լարի (մոտ 32 ԱՄՆ դոլար), 
  • շաբաթվա կտրվածքով՝ մեկ անձ շահել է 10 000 լարի (մոտ 3 225 ԱՄՆ դոլար), երեքը` 5 000 լարի (մոտ 1 612 ԱՄՆ դոլար), չորսը` 1 500 հազար լարի (մոտ 483 ԱՄՆ դոլար), ինը` 1 000 լարի (մոտ 322 ԱՄՆ դոլար), 
  • մեկ պատվաստված անձի համար տարեվերջին խաղարկվել է 100 000 լարի (մոտ 32 258 ԱՄՆ դոլար)։

Նորայր Միսկարյան