Անծուխելիձեն օրինակ է յուրաքանչյուրիս և գալիք սերունդների համար. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեն կդառնար 38 տարեկան:

Ղարիբաշվիլին նշել է, որ նման հերոսներն են ստեղծում Վրաստանի մեծ պատմությունը, ամրապնդում նրա անկախությունն ու պետականությունը։

«23-ամյա սերժանտի բարոյական խիզախությունը, անզիջողականությունը թշնամու առջև, նվիրումը հայրենիքին` օրինակ են մեզանից յուրաքանչյուրի և գալիք սերունդների համար։

Մեր ողջ հասարակության հետ միասին` ես խոնարհվում եմ նրա պայծառ հիշատակի առաջ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմի ժամանակ կրտսեր սերժանտ Անծուխելիձեին գերեվարել են ռուս օկուպանտները։ Մինչև 2008 թվականի նոյեմբերը Անծուխելիձեն համարվում էր անհետ կորած, սակայն հետագայում Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիից տեղափոխված 10 վրացիների դիերի գենետիկական հետազոտությամբ պարզվել է, որ զոհվածներից մեկն Անծուխելիձեն է։

2009 թվականի հունվարին համացանցում տեսանյութ տարածվեց, որում Անծուխելիձեն շրջապատված է օկուպանտներով, և նրանք հերթով հարվածում են նրա գլխին ու ոտքերին։ Օկուպանտները Անծուխելիձեին փորձել են ստիպել համբուրել գետինը, բայց 23-ամյա հերոսին չեն կարողացել կոտրել։

2009 թվականին Անծուխելիձեն պարգևատրվել է Վախթանգ Գորգասլիի 1-ին աստիճանի շքանշանով։ 2011 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունը նրան պարգևատրել է «Հայրենիքին նվիրված» մեդալով։

2013 թվականի ապրիլի 15-ին Վրաստանի այն ժամանակվա գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ` նրան շնորհվել է ազգային հերոսի աստիճան։ 2017 թվականին այն ժամանակվա պաշտպանության նախարար Լևան Իզորիան հաստատել է «Գիորգի Անծուխելիձե» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվել է 13 զինծառայող։

Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի