Առանց դիմակ երթուղային տաքսի վարելու համար աշխատանքից հեռացվել է 24 վարորդ

Թբիլիսիում առանց դիմակ երթուղային տաքսի վարելու համար աշխատանքից երկու օրով ազատվել է 24 վարորդ: Այս մասին խոսել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Աշխատելու իրավունքից զրկվել են, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ պատասխանատվություն են կրում: Ամեն օր բազմաթիվ մարդկանց ես տեղափոխում ու ամենակարևոր պաշտպանիչ ֆունկցիան ունեցող դիմակը չես կրում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Քաղաքապետը խոսել է նաև այլ խախտումների մասին: Այսպես, օրինակ 224 քաղաքացի հեռացվել է երթուղային տաքսուց՝ դիմակ չկրելու պատճառով: Ավտոբուսների դեպքում այս թիվը 2088 է: Պատճառն այն է, որ ավտոբուսները վերահսկվում են հատուկ տեսուչների միջոցով (վերջիններս ստուգում են, թե արդյո՞ք քաղաքացիները տոմս են գնել), որոնք ներկայացված չեն մետրոյում և երթուղային տաքսիներում:

Սահմանափակումներից մեկն էլ այն է, որ երթուղային տաքսիներին արգելված է ոտքի վրա ուղևորներ տեղափոխել, սակայն հատկապես ծայրամասային թաղամասերում աշխատող երթուղայինները սովորաբար խախտում են այս կանոնը: