Արդյոք Վրաստանում գնաճ կլինի՝ կապված լարիի անկման հետ

Վրաստանի ազգային արժույթ լարին շարունակում է գահավիժել։ Վերջին 2,5 տարում լարիի արժեքը կտրուկ նվազել է: Դեռևս 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Վրաստանի ազգային արժույթն առաջին անգամ իջավ մինչև 1 ԱՄՆ դոլարը 2,78 լարի, այնուհետև սկսեց աստիճանաբար ամրապնդվել և կայունանալ:

Սակայն այսօր պատկերը ևս հուսադրող չէ․ ըստ Վրաստանի ազգային բանկի՝ հունիսի 1-ի դրությամբ լարիի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 2,7870 է, ինչը նշանակում է, որ վրացական ազգային արժույթը նվազել է 0,0121 լարիով:

Վրաստանի նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆինանսատնտեսական բաժնի նախկին ղեկավար Իրակլի Լատարիան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ լարիի արժեզրկումը բնական երևույթ է այնպիսի երկրի համար, որի տնտեսության մեծ մասը կախված է ներկրումից:

«Մարդիկ, ովքեր մեծ վարկեր ունեն և որոնց համար մեծ նշանակություն ունի լարիի արժեզրկումը, հասկանում եմ, հիմա կասեն թե ինչեր է ասում, սակայն դա է իրականությունը: Այնպիսի երկիր, ինչպիսին մերն է, այսինքն տնտեսության հիմնական մասը ներկրումներից է կախված, դժվարությամբ է կարողանում կառավարել ազգային արժույթի գինը», — ասում է Լատարիան ու չի բացառում, որ երկրում գնաճ կլինի:

Լատարիան սխալ է համարում ներկայիս կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը՝ ասելով, որ «Վրացական երազանքի» իշխանություն գալուն պես թանկացել է ամենինչ:

Վրաստանի առաքիչների բիզնես-ասոցիացիայի նախագահ Իվա Ճկոնիան վստահ է՝ Վրաստանում ազգային արժույթի՝ լարիի անկման պատճառով երկրում գնաճ է սպասվում:

«Երբ երկիրը հիմնականում կախված է ներկրվող ապրանքների, մասնավորապես, նավթամթերքների, գազից. ես չեմ խոսում սննդի, կենցաղային քիմիական նյութերի և հումքի մասին, որից կախված է տեղական արտադրությունը, տրամաբանական է, որ այս իրավիճակում գները կբարձրանան: Իհարկե, այս ամենը տեղի չի ունենա մեկ-երկու օրվա ընթացքում, բայց այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք, տանում է նրան, որ գների աճը դեռ սպասվում է», — ասում է Ճկոնիան: