Բողոքի երթ` դեպի Իվանիշվիլիի առանձնատուն. ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները  պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:

Նրանք բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայից դեպի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:

Ակցիայի պատճառը սկանդալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետը, Իվանիշվիլիի որդին ու պետանվտանգության ծառայության ղեկավարը խոսում են սոցցանցերի որոշ օգտատերերի` այդ թվում մեկ անչափահասի պատժելու մասին` ոչ ցանկալի մեկնաբանություններ գրելու համար:

Երթի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ըստ նրանց` նա է այս սարսափի և բռնության հեղինակներից մեկը: