Էլենե Խոշտարիայի մոտ ողնաշարի հիվանդություն է ախտորոշվել

«Դրոա» կուսակցության առաջնորդ, կալանքի տակ գտնվող Էլենե Խոշտարիայի բժիշկների փոխանցմամբ՝ նրա մոտ հաստատվել է բորբոքային սպոնդիլոարթրիտ՝ ողնաշարի բորբոքային հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում է ոչ միայն ողնաշարը, այլև ծայրամասային հոդերը։

Բժիշկներ Մակա Իոսելիանին և Անա Քավթարաձեն հայտնել են, որ բուժիչ դեղամիջոցը Էլենե Խոշտարիան կստանա այսօրվանից։

«Անցկացվել են բազմաթիվ` ինչպես ռադիոլոգիական, այնպես էլ լաբորատոր հետազոտություններ, որոնց մի մասն ուղարկվել է արտերկիր։ Նաև անցկացվել են բազմաթիվ խորհրդատվություններ ինչպես Վրաստանի, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող բժիշկների հետ։

Այս ընթացքում հասել էինք ցավի թեթևացմանը, ախտանշանային կառավարմանը, իսկ ի վերջո գործընկերներով համաձայնության եկանք ախտորոշման շուրջ, որի կասկածն ունեինք Էլենեի բանտում գտնվելու ընթացքում, և ծրագրվեց հետագա բուժումը։

Ախտորոշման և բուժման հետ կապված՝ այո, մենք հաստատեցինք ախտորոշումը, որի կասկածը կար՝ բորբոքային սպոնդիլոարթրիտը։ Այս բազմաթիվ հետազոտությունների հիման վրա ներկայումս բացառել ենք ակտիվ վարակի առկայությունը։ Հետազոտություններով սպառել ենք բոլոր հնարավոր ռիսկերը, ռիսկերը հասցրել ենք նվազագույնի։ Հիմա, ախտորոշման ստուգումից հետո, որը բորբոքային սպոնդիլիտն է, այսինքն՝ ողնաշարի բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ ախտահարվում է ոչ միայն ողնաշարը, այլև ծայրամասային հոդերը, միջազգային հանձնարարականներին համապատասխան՝ պետք է սկսվեր հիվանդությունը մոդիֆիկացնելու ունակություն ունեցող բիոլոգիական դեղամիջոցի ընդունումը։ Մենք ընտրել ենք այդ դեղամիջոցներից մեկը, որը կլինի առավելապես անվտանգ։ Այս դեղամիջոցի ընդունումը կսկսենք վաղը»,- երեկ ասել են բժիշկները։