Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի

Վրաստանում հունիսի 20-ից հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր չի լինի։ Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության և ոլորտի մասնագետների առաջարկությամբ՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակաբանական կայուն իրավիճակը։

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ բուժհաստատություններում դիմակի օգտագործումը մնում է պարտադիր, իսկ հասարակական տրանսպորտում և մարդաշատ այլ վայրերում այլևս պարտադիր չէ։

«Համաճարակաբանական իրավիճակի կայունացման ֆոնին հունիսի 20-ից տրանսպորտային միջոցներում այլևս պարտադիր չի լինի շնչադիմակի օգտագործումը։ Այսուհանդերձ դիմակ օգտագործելը կարևոր է քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար, մնացած քաղաքացիների համար դիմակ կրելը պարտադիր կմնա միայն բուժհաստատություններում»,- ասել է Թամար Գաբունիան։