Հայաստանը հեռանո՞ւմ է ռուսական ազդեցության գոտուց. հակասական կարծիքներ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան ապրիլի 27-ին բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին։

Բանաձևում Ռուսաստանի գործողություններին գնահատական տվող կետը ձևակերպված է հետևյալ կերպ․

«Հաշվի առնելով նաև, թե ինչ աննախադեպ մարտահրավերների է բախվում Եվրոպան Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ՌԴ ագրեսիայի պատճառով, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ՌԴ անդամակցության դադարեցումը, կոչ ենք անում ամրապնդել ՄԱԿ-ի ու Եվրոպայի խորհրդի համագործակցությունը՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության վրա հիմնված խաղաղության ու անվտանգության արագ վերականգնման և պահպանման համար, ռազմական գործողությունների ընթացքում ապահովել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը, փոխհատուցում տրամադրել տուժածներին և պատասխանատվության ենթարկել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղավորներին»։

Հատկանշական է, որ Գլխավոր ասամբլեայի 122 անդամ երկրներ, դրանց թվում` Հայաստանը, կողմ են քվեարկել բանաձևին։ Արդյունքների հրապարակումից հետո վրաստանյան քաղաքական դաշտում սկսվել են հակասական քննարկումներ այն մասին, թե այս քայլով Հայաստանը հեռանում է ռուսական ազդեցության գոտուց և փորձում է ՌԴ-ի դեմ իր դժգոհություններն արտահայտել միջազգային տարբեր հարթակներում ՌԴ-ին «անվստահություն հայտնելով»:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին չի կարծում, թե այս քայլով Հայաստանը սկսել է հակառուսական արշավ իրականացնել: Ըստ կոնֆլիկտաբանի՝ բանաձևին կողմ քվեարկելով Հայաստանը դրա հիմքը չի դրել:

«Իմ կարծիքով, Հայաստանը փորձում է միջազգային հարթակներում հաշվեհարդար տեսնել Ռուսաստանի հետ: Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Ռուսաստանի քայլերից, քանի որ վերջինս սկզբունքային քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ, դժգոհ են միայն Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում, քանի որ այլ կոնտեքստներում Հայաստանը երբեք ՌԴ-ի դեմ հայտարարություններ չի անում»,- ասաց Զաքարեիշվիլին:

Վերաինտեգրման հարցերով նախկին նախարարը նշեց՝ պետությունները կողմ են քվեարկել ընդհանուր բանաձևին և ոչ թե հենց ՌԴ-ին ագրեսոր ճանաչելու կետին: Նրա խոսքով, պետությունները կարող են կողմ լինել բանաձևին, բայց դեմ լինել կոնկրետ այդ կետին:

Զաքարեիշվիլիի վերջին պնդմանը համամիտ է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին: Վերջինս, սակայն, կարծում է, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները անվստահություն հայտնելու իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին` հիմք ընդունելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ՀՀ-ին ՌԴ-ի չցուցաբերած աջակցությունը:

Բիլանիշվիլիի խոսքով, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը փորձում է վերջնականապես լուծել այդ հարցը և ամեն կերպ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, վերջինս, մանավանդ՝ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների տեղակայման պայմաններում, կրկին օգնության ակնկալիք ունի Ռուսաստանից, ինչը, սակայն չի ստանում:

«Հաշվի առնելով այս ամենը, հասկանալի է, որ Հայաստանը և նրա այսօրվա կառավարությունը դժգոհություններ ունեն, և ՀՀ-ի կառավարությունը տարբեր ֆորմատներում ցույց է տալիս այդ դժգոհությունը: Իմ կարծիքով, այս բանաձևին կողմ քվեարկելը հենց այդ դժգոհության ևս մեկ հստակ արտահայտումն է»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ընդգծեց Բիլանիշվիլին:

Նա նաև հավելեց՝ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիային և Աբխազիային վերաբերող բանաձևերի նկատմամբ Հայաստանը հաճախ չեզոք դիրքորոշում էր որդեգրում: Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտողը հույս է հայտնում, որ հետագայում ևս այդ կարգի բանաձևերի նկատմամբ Հայաստանն իր հստակ դիրքորոշումը կարտահայտի:

Վրաստանի անվտանգության քաղաքականության ինստիտուտի հիմնադիր Դավիդ Բրագվաձեի խոսքով՝ վրացական հասարակության մի զգալի հատված ուշադրությամբ հետևում է Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Հատկապես` 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վրաց հասարակության համար էլ ավելի հետաքրքիր ու կարևոր դարձրին այդ գործընթացը։

«Մենք տեսնում ենք, որ 2020 թվականից հետո Փաշինյանի կառավարությունը ծանր վիճակում է: Մի կողմից նա փորձում է դիմակայել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող ճնշումներին, մյուս կողմից՝ քայլ առ քայլ, բայց այնուամենայնիվ` հեռանալ Ռուսաստանից։

Բոլորին պարզ է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը չթուլացրեց ճնշումը Հայաստանի իշխանության վրա։ Ընդհակառակը, ճնշումն զգալիորեն ավելացել է։ Այն պայմաններում, երբ Փաշինյանը ճնշումների է ենթարկվում թե՛ դրսի, թե՛ սեփական բնակչության կողմից, կենսականորեն կարևոր է, որ երկիրը պատշաճ կերպով կարողանա հաղթահարել առկա դժվարությունները։ Մենք գիտակցում ենք, որ Փաշինյանը մանևրելու սահմանափակ հնարավորություններ ունի, բայց միաժամանակ տեսնում ենք, որ Հայաստանը համարձակորեն օգտագործում է առկա հնարավորությունները»,- ասաց Բրագվաձեն:

Ըստ նրա՝ վերոնշյալ բանաձևին աջակցելը նույնպես դրա դրսևորումն է։ Միաժամանակ, Բրագվաձեի պնդմամբ՝ բանաձևին աջակցելը պատշաճ կերպով արտացոլում է հայ հասարակության շրջանում աճող հակառուսական տրամադրությունները, որոնք պայմանավորված են Մոսկվայի կողմից Երևանի հանդեպ ստանձնած պարտավորությունների չկատարմամբ.

«Որովհետև Ռուսաստանը չի կարող կատարել անվտանգության երաշխավորի դերը և ընդհակառակը` վերջինս նոր խնդիրների աղբյուր է Հայաստանի համար։

Նման համարձակ քայլ կարելի է համարել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ Հռոմի կանոնադրությանը Հայաստանի Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ։ Դա իրավական որոշում է, բայց այս համատեքստում ունի քաղաքական մեծ նշանակություն»:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան Twitter-յան իր միկորբլոգում հայտնել էր, որ ՌԴ-ն ցանկացել է հեռացնել Ուկրաինայի դեմ ագրեսիայի մասին հիշատակումը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի բանաձևից։ Սակայն, նրանց փորձերը ձախողվել են, բանաձևին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Հյուսիսային Կորեան։