Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարը Վրաստանում

Ապրիլի 24-ին համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը: Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Հայ-վրացական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Վրաց քաղաքագետ Վաժա Բերիձեի խոսքերով Հայոց ցեղասպանության հարցը Վրաստանի համար առաջին հերթին քաղաքական հարց է․

«Մոտ ապագայում կասկածում եմ, թե Վրաստանն ընդունի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այստեղ կա Թուրքիայի գործոնը, որը այսօրվա իրականությունից ելնելով մեր ռազմավարական գործընկերն է, ինչպես եղբայրական Հայաստանն ու Ադրբեջանը»:

Բերիձեի խոսքով՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ցանկացած շտապ քայլ կդժվարացնի ինչպես Վրաստանի գործը, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի, քանի որ տարածաշրջանը միասնական է և այս տարածաշրջանում բոլոր պետություններն իրենց ազգային և պետական շահերին պետք է հասնեն միմյանց շահերը հարգելով և իրականության հետ հաշվի նստելով․

«Մենք չպետք է թույլ տանք բարդություններ մեր հարաբերություններում, և ամեն քայլը պետք է հաշվարկած լինի այսպիսի սկզբունքային հարցերի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ Հայաստանի որևէ պաշտոնատար անձ, հայկական հասարակության քաղաքական և մշակութային դասը Վրաստանից այն չի պահանջում»։

Այն հարցին, թե Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճանաչման դեպքում Վրաստանը նույնպես կհետևի իր գործընկերոջ օրինակին, Բերիձեն կարծում է, չնայած ԱՄՆ-ի հետ Վրաստանը մի շարք գլոբալ հարցերի շուրջ հաշվի է նստում, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության ընդունման հարցով Վրաստանը, հավանաբար, չի շտապի և կգործի իր ազգային շահերից ելնելով:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նշում է, որ սա լուրջ և երկար ժամանակ պահանջող գործընթաց է և խորհրդարանում ելույթով չէ, որ պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: