Ի՞նչ ստուգումներ են անցնում այլ երկրի քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն էր տարածել, որտեղ նաև նշել էր այն ընթացակարգերի և ստուգումների մասին, որոնք անցնում են այլ երկրների քաղաքացիները՝ Վրաստան մուտք գործելու ժամանակ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, Վրաստանի՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, Վրաստան մուտք գործելիս այլ երկրի ցանկացած քաղաքացի սահմանային անցակետում ենթարկվում է ստուգման, որի արդյունքում նրան կա՛մ թույլ են տալիս մուտք գործել Վրաստան, կա՛մ մերժում է ստանում և չի կարողանում հատել Վրաստանի սահմանը։ Յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու ստուգումը/հարցումն իրականացվում է միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձի հիման վրա:

ԱԳՆ-ն նշել է, որ այլ երկրի քաղաքացու մուտքը թույլ տալու կամ մերժելու որոշումը սահմանապահն ընդունում է տարբեր գործոնների և հանգամանքների գնահատման արդյունքում. օրինակ՝ հաշվի է առնում անձին հասանելի փաստաթղթերի համապատասխանությունը ուղևորության նպատակին, Վրաստանում գտնվելու ընթացքում և Վրաստանից մեկնելիս ֆինանսական միջոցների բավարար չափը, նախկինում երկրում գտնվելու պայմանները և այլն։ Ըստ այդմ, եթե այս չափանիշները չեն բավարարում, իրավապահները այլ երկրի քաղաքացուն տեղում բացատրում են մերժման հնարավոր պատճառները և սույն որոշումը բողոքարկելու պայմանները։

«Սահմանային անցակետերում ռիսկային անձանց հայտնաբերելու նպատակով այլ երկրների քաղաքացիների զննումը/հարցումը և ավելացած անձանց քանակը՝ սահմանային անցակետի և ճանապարհային ենթակառուցվածքների դասավորության պայմաններում, որոշակիորեն հանգեցնում է տեղաշարժի ժամանակ հերթերի գոյացման, ինչը, միաժամանակ, պահանջում է գրանցման համար ավելացված ժամանակահատված»,- նշել են ՆԳՆ-ից: