Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը երեք տարբեր քրեական գործերով բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր՝ ձերբակալելով 3 անձի։
Ծառայության փոխանցմամբ՝ Աջարիայի անտառային գործակալության Խուլոյի վարչության անտառապահ Ն․Բ․-ն պետական անտառային հիմնադրամի հողատարածքից օգտվելու դիմաց քաղաքացուց կաշառք է պահանջել և ստացել 1000 ԱՄՆ դոլար։ Նա ձերբակալվել է գումարն ստանալու պահին՝ հանցանքի վայրում։
Սննդամթերքի ազգային գործակալության Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանային ծառայության անասնաբույժ Ա․Լ․-ն չգրանցված անասունների նույնականացման և գրանցման դիմաց քաղաքացուց վերցրել է 650 լարի կաշառք։
Պինդ թափոնների կառավարման ընկերության օպերատորը աղբավայրում առանց թույլտվության թափոններ տեղադրելու համար քաղաքացուց պահանջել և ստացել է 500 լարի։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով (կաշառք ստանալը), որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։