Կենտրոնական Ասիայի ՏՏՀ նախարարական հանդիպում Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) ծրագրի 22-րդ նախարարական հանդիպմանը։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ նախարարների հանդիպմանը ներկա հանրությանը դիմել են նաև Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Ասիական զարգացման բանկի (ADB) նախագահ Մասացուգու Ասակավան։

Նախարարական հանդիպմանը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, մասնակցում են անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցում են գործընկեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF), ADB-ն և այլք: Նախարարների 22-րդ հանդիպման հիմնական թեման տարածաշրջանում կլիմայի փոփոխության հետ կապված միջոցառումների, ռազմավարական նպատակների և ծրագրերի քննարկումն է։

«Մեր ձեռքբերումներից մի քանիսը ցույց տալու համար թույլ տվեք ընդգծել, որ համաճարակից հետո Վրաստանի տնտեսությունը վերականգնվել է երկնիշ աճի տեմպերով. 2021 և 2022 թվականներին գրանցվել է ավելի քան 10 տոկոս աճ։ Այս դրական միտումը իմ կառավարությունը պահպանել է 2023 թվականին՝ առաջին 9 ամիսների ընթացքում միջինը 7 տոկոս տնտեսական աճի տեմպերով, իսկ գնաճը 1 տոկոսից ցածր է եղել»,- հայտարարել է  Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, ընդհանուր առմամբ ազգային տնտեսությունը 2012 թվականից եռապատկվել է։ Վարչապետն ասել է՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի հիմնական քաղաքական ուղղությունները խստորեն համահունչ են Վրաստանի ձգտմանը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն, որը կդառնա պարզեցված և արագացված առևտրատրանսպորտային ուղի Եվրոպայի և Ասիայի միջև:

Խոսելով Միջին միջանցքի մասին՝ վարչապետը նշել է, որ դրա անխափան աշխատանքը պահանջում է համատեղ անցակետերի ենթակառուցվածքի ստեղծում, ինչը թույլ կտա հարևան երկրներին բեռնափոխադրումներ իրականացնել միաժամանակ՝ մեկ պատուհանի սկզբունքով.

«Այն պայմաններում, երբ, այսպես կոչված, Միջին միջանցքը դառնում է ավանդական երթուղիների կայուն և անվտանգ այլընտրանք, մենք պատրաստ ենք իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր՝ օգնելու բարելավել տրանսպորտային և լոգիստիկ կապերը: Դրանց թվում են Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի զարգացումը, սևծովյան սուզանավային էլեկտրական մալուխը, երկաթուղու արդիականացման նախագիծը և Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի կառուցումը»:

Ըստ նրա՝ կառավարությունը կենտրոնանում է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, երկիրը գլոբալ արժեքային շղթայում ինտեգրելու, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի պահպանման և երկրի տարանցիկ և վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

«Թույլ տվեք ընդգծել Կենտրոնական Ասիայի տնտեսական համագործակցության տարածաշրջանային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վճռորոշ դերը տարածաշրջանային տնտեսական զարգացման խթանման գործում: Հարկ է նշել, որ երկուսն էլ մեծ ներդրում ունեն Վրաստանում իրականացվող բազմաթիվ նախագծերում և միջոցառումներում»,- accentnews.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով, այն բանից հետո, երբ 2016 թվականին Վրաստանը միացավ Կենտրոնական Ասիայի տնտեսական համագործակցության տարածաշրջանային ծրագրին, երկրում ներդրվել է մոտ 3,000,000,000 դոլար։

ADB նախագահ Մասացուգու Ասակավան ասել է՝ Ասիական զարգացման բանկի աջակցությունը Կենտրոնական Ասիայի տնտեսական համագործակցության տարածաշրջանային ծրագրին մնում է անսասան: Ասակավան կենտրոնացել է այն 2 խնդիրների վրա, որոնք, ըստ նրա՝ կամրապնդեն համատեղ աշխատանքը.

«Առաջինը մեր ջանքերի կենտրոնացումն ու կարևորությունն է կլիմայական ճգնաժամի լուծման համար կարևոր ոլորտներում: Երկրորդը ֆինանսական դեֆիցիտը լրացնելու կարևորությունն է։ Կենտրոնական Ասիայի տնտեսական համագործակցության տարածաշրջանային ծրագրի երկրներին մինչև 2030 թվականը տարեկան ավելի քան 1 տրիլիոն դոլար կպահանջվի՝ ենթակառուցվածքի ոլորտում պահանջները բավարարելու, տնտեսական աճը պահպանելու և տարածաշրջանի բազմակողմ մարտահրավերներին արձագանքելու համար»: