«Մթավարի արխին», «Ֆորմուլան» և «Պիրվելի արխին» պատժվեցին

«Վրացական երազանք» իշխող կուսակցության պահանջով, Հաղորդակցության հանձնաժողովը պատժամիջոցներ է կիրառել իշխանությանը քննադատող հեռուստաընկերությունների՝ «Մթավարի արխիի», «Ֆորմուլայի» և «Պիրվելի արխի»-ի նկատմամբ՝ «Տուն դեպի Եվրոպա» տեսահոլովակը տեղադրելու պատճառով։

Քանի որ «Ֆորմուլան» ու «Պիրվելի արխին» վերջին մեկ տարում նման պատժամիջոցների չեն ենթարկվել` միայն նախազգուշացվեցին, իսկ ֆինանսական ճգնաժամի շրջան ապրող «Մթավարի արխին» տուգանվեց 118 հազար 689 լարիով։

«Տվյալ դեպքում ակնհայտ է, որ եթերում գովազդի տեղադրմամբ հեռարձակողները նպատակադրվել էին, նախ, հունիսի 24-ին կայանալիք ցույցը գովազդել` հնարավորինս շատ քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար, միաժամանակ նաև՝ բացասական համատեքստում ներկայացնել «Վրացական երազանքին» ու նրանց առաջնորդներին։

Պետք է հաշվի առնել, որ ցույցն ինքնին քաղաքական ենթատեքստ ուներ, և կազմակերպիչները, որոնք միաժամանակ գովազդատուներն են, քաղաքական պահանջներ էին ներկայացնում»,- ասել է Հաղորդակցության հանձնաժողովի աշխատակից Թեա Կավելիձեն։

Տեսանյութը պատրաստել է «Սիրցխվիլիա» շարժումը։