ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները վատթարանում են. քննարկում են վերլուծաբանները

ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները ոչ թե զարգանում, այլ վատթարանում են, անդրադառնալով Վրաստանի կառավարության ծրագրի առաջընթացի մասին տարեկան զեկույցին՝ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Ըստ Զաքարեիշվիլիի՝ ցավալի է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության զարգացման մասին խոսում է վրացական կողմը, այլ ոչ թե՝ ՆԱՏՕ-ն: Նրա խոսքով, եթե նման գնահատական տար ՆԱՏՕ-ն, ապա ավելի հավատարժան կլիներ, սակայն ՆԱՏՕ-ի ամենաբարձր մակարդակներում անգամ նշվում է, որ Վրաստանը հեռանում է եվրատլանտյան նկրտումներից:

Կոնֆլիկտաբանն ընդգծեց՝ ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում Վրաստանից դժգոհ են, քանի որ նկատում են՝ բացի խոսքերից, գործուն քայլեր չկան:

«Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսն անգամ վերջերս հայտարարել էր, որ Վրաստանը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Եթե սրա մասին խոսում է նաև Հոջեսը, ապա նշանակում է, որ կառավարական մակարդակով ոչինչ չի արվում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ»,- ասաց Զաքարեիշվիլին:

Կոնֆլիկտաբանը կարծում է, որ այս ամենից ելնելով` կարելի է փաստել, որ Վրաստանի կառավարության զեկույցը սուտ է և կեղծ:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց՝ իշխանություններն իսկապես դեմ չեն ՆԱՏՕ-ին անդամակցելուն, սակայն անդամակցության համար կատարված քայլերը համարժեք չեն այդ ցանկությանը:

«Պետք է հասկանան, որ Արևմուտքը մեզ հնարավորություն է տվել, հետևաբար՝ պետք չէ «ղեկը» պտտել Ռուսաստանի ուղղությամբ: Այս երկուսը միասին անհամատեղելի են»,- նշեց Վասաձեն:

Ի դեպ, Վրաստանի կառավարության ծրագրի առաջընթացի մասին տարեկան զեկույցում, որն ընդգրկում է 2022 թվականի հունիսից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը, նշվում է, որ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը դինամիկ էր զարգանում:

Ըստ զեկույցի՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը հեշտացնելու նպատակով Թբիլիսիում, Բրյուսելում և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մայրաքաղաքներում խորհրդակցություններ և բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել:

Տեղակատվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում արդյունավետ աշխատանք է իրականացվել։ Նույն ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի 8 նիստ։