Նոր սահմանափակումներ՝ պատվաստման տեմպը բարձրացնելու համար. Գամկղրելիձեի առաջարկը

Վերջին ամիսներին Վրաստանում պատվաստումների մակարդակը կտրուկ նվազել է։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, Վրաստանում  պատվաստումների մակարդակը ընդամենը 30-35 տոկոս է, և եթե որևէ խթան կամ սահմանափակում չկիրառվի, ապա կամավոր պատվաստումների թիվը չի ավելանա։ 

Գամկղրելիձեն նշել է, որ այսօրվա տվյալներով՝ 18 տարեկանից բարձր բնակչության միայն 33%-ն է կրկնակի պատվաստված, իսկ չափահաս բնակչության 36,6%-ը՝ միայն մեկ անգամ։ 

«Նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կքննարկվեն համակարգող խորհրդի կողմից և համապատասխան որոշումներ կլինեն, թե ինչպես կարելի է բարձրացնել պատվաստումների մակարդակը երկրում»,- ասել է Գամկղրելիձեն։ 

Գամկղրելիձեն միևնույն ժամանակ նշել է, որ որոշ երկրների համար պատվաստումների այսպես կոչված շեմը 20 տոկոս է և չի բարձրացել, ոմանց համար՝ 40 տոկոս, ոմանց համար՝ 50 տոկոս։  Վրաստանում այդ  ցուցանիշը 33-35 տոկոսի սահմաններում է։ 

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք, մահացել՝ 47 մարդ։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր