Պահանջում են հրապարակել Սաակաշվիլիին բանտից տեղափոխման ամբողջական կադրերը

Լուսանկարը՝ Mtavari arkhi-ի

«Էմպաթիա» բժշկական կենտրոնը խնդրել է հրապարակել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից Գլդանիի 8-րդ հիմնարկ տեղափոխելու ամբողջական կադրերը։

Տեսանյութը, որտեղ, ըստ նրանց` հոգեբանական և ֆիզիկական բռնության կադրեր են, անհրաժեշտ է փորձաքննության համար:

Կենտրոնը նաև խնդրել է առկայության դեպքում հանձնել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանիի խոսքով, այս ամենը ուսումնասիրելու են ամերիկացի փորձագետների հետ միասին։

«Այս հետազոտության նպատակներից մեկը պատճառահետևանքային կապերի հաստատումն է, պատճառաբանական գործոնները պարզելը: Միխեիլ Սաակաշվիլին ունի որոշակի ֆիզիկական և հոգեբանական ախտանիշներ, որոնք բռնության հետևանք են»,- ասել է Ջիշկարիանին։