Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին նամակ է հղել Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն։
Եվրոպայի օրվա կապակցությամբ Հերչինսկուն ուղղված նամակը Պապուաշվիլին հրապարակել է սոցիալական ցանցում։
«Շնորհավորում ենք Եվրոպայի օրվա կապակցությամբ։ Այս կարևոր օրը, խորհրդանշական տոնակատարությունից բացի, մենք պետք է խորհենք այն մասին, թե իրականում ինչ է Եվրոպան, ինչպես է դրա կարևորությունը ազդում քաղաքացիների կյանքի վրա, և ինչպես է ուրվագծվում Վրաստանի և Եվրամիության ապագան։
Ռոբերտ Շումանը` Եվրոպական Միության հիմնադիր հայրերից մեկը և ֆրանսիացի պետական մեծ գործիչը, իր պատմական հայտարարությունն արեց հենց այս օրը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի հինգերորդ տարեդարձին։ «Շումանի հռչակագիրը» հիմնված էր մեկ հիմնական նպատակի վրա՝ ապահովել, որ պատերազմը երբեք այլևս չոչնչացնի Եվրոպան։ Հռչակագրի ոգին հստակ էր՝ խաղաղություն միասնության միջոցով, համագործակցություն փոխադարձ հարգանքի միջոցով և կայունություն՝ համատեղ պատասխանատվության միջոցով։ Եվրամիության ներկայիս քաղաքականությունը նույնպես պետք է գնահատվի այս տեսլականի համատեքստում։
Անցյալ տարի Եվրոպայի օրվա առթիվ վրաց ժողովրդին ուղղված Ձեր ուղերձում Դուք որոշեցիք անտեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձը և փոխարենը կենտրոնացաք ընդունող երկրի նկատմամբ ձեր քաղաքական պահանջների վրա։ Այնուամենայնիվ, թերևս արժե հիշել, որ առանց վրաց ժողովրդի ներկայիս սերունդների ծնողների և տատիկ-պապիկների, նաև այլ հակաֆաշիստական ազգերի, ո՛չ ֆաշիզմը կպարտվեր, ո՛չ էլ Եվրամիությունը և Եվրոպայի օրը գոյություն կունենային։ Վրաստանում չկար մի ընտանիք, որը զոհ չունենար այդ պատերազմում։ Եվրոպայի օրվա և Հաղթանակի օրվա առանձնացումը մեզ համար անընդունելի է։ Հետևաբար, ես հույս ունեմ, որ մայիսի 9-ի ձեր հավաքույթում Դուք պատշաճ հարգանքի տուրք կմատուցեք 300 հազար վրացիներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին ֆաշիզմից ազատագրված Եվրոպայի համար» , — նշված է Հերչինսկուն ուղղված Պապուաշվիլիի նամակում: