ՌԴ-Վրաստան թռիչքների վերականգնումից կշահի միայն Ռուսաստանը. Կոդուա

Air Georgia ավիաընկերության հիմնադիր Գիորգի Կոդուան, խոսելով Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության հնարավոր վերականգնման մասին, ասել է, որ  դեմ է թռիչքների վերսկսմանը, հայտնում է Business Media Georgia-ն:

«Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, և եթե թռիչքներն սկսվեն, մենք չենք կարողանա  թռիչքներ իրականացնել։ Դա արգելված է լիզինգային ընկերությունների կողմից: Օդանավերի մատակարարների հետ պայմանագրերում ամրագրված է, որ մենք չպետք է թռչենք Իրան, Ռուսաստան և Հյուսիսային Կորեա։ Հետևաբար, դրանից կշահեն միայն ռուսական ավիաընկերությունները»,- ասել է Կոդուան։

Հարցին, թե արդյո՞ք պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունները կկարողանան թռչել Վրաստան, Կոդուան նշել է, որ դա կախված է Վրաստանի կառավարությունից.

«Կարծում եմ՝ մեր կառավարությունն անպայման թույլ կտա, չի արգելի ռուսական ընկերություններին թռիչքներ կատարել… Չեմ կարծում, որ Վրաստանի կառավարությունը կհակադրվի ռուսական ընկերություններին։ Բնականաբար, այդ դեպքում մենք խնդիրներ կունենանք եվրոպական երկրների հետ, սակայն Վրաստանի կառավարությունը ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի շահերը կպաշտպանի»։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը: Լավրովը հույս էր հայտնել, որ շուտով կվերականգնվեն Վրաստանի հետ ուղիղ չվերթները, որոնք Մոսկվան է դադարեցրել:

Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անվամբ հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին` միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։

Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հավանական վերականգնման մասին։