Ռուս օլիգարխի ազգականը Ղարիբաշվիլիի խորհրդականն է եղել

Լուսանկարը՝ mtavari.tv-ի

Ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ առնչություն ունեցող գործարար Դավիթ Խիդաշելին տարիներ շարունակ աշխատել է որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Խոսքը նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախկին ՊՆ նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի՝ պաշտպանության նախարարների պաշտոնում աշխատելու շրջանի մասին է։

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի տարածած տեղեկությունը հաստատել է այսօր՝ մարտի 15-ին, և նշել, որ Դավիթ Խիդաշելին նախարարի խորհրդականն է եղել 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում։

«Պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Խիդաշելիի աշխատանքի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության հետ կապված՝ հանրությանը ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը, Դավիթ Խիդաշելին աշխատել է ՊՆ-ում որպես խորհրդական»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարն էր 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարի 22-ը, վարչապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը զբաղեցնում էր Ջուանշեր Բուրճուլաձեն։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» Վրաստանի օրենքի (հոդված 81), եթե նախարարը լքում է իր պաշտոնը, ապա նրա խորհրդականը նույնպես ինքնաբերաբար պաշտոնանկ է լինում։ Պարզվում է՝ Խիդաշելիին պաշտպանության նախարարությունում նշանակելու որոշումն ընդունել են երկու նախկին նախարարներն էլ։

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նոր նախարար Իրակլի Չիքովանիի նշանակումից հետո Խիդաշելին այլևս խորհրդական չէ։

Ի դեպ, Խիդաշելին ազգակցական կապ ունի ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ։ Եվտուշենկովը՝ «Սիստեմ» ռուսական խոշոր կորպորացիայի սեփականատերը, առաջիններից էր, ում նկատմամբ Բրիտանիան պատժամիջոցներ էր կիրառել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: